Լեռնային Ղարաբաղում պարտված հայ զինվորների համար խաղաղությունը սփոփանք չէ, իսկ զինադադարը` չի թեթեւացնում ցավը,-կարդում նք The Washington Post –ի «Հայ զինվորները» հոդվածում։ «Ով վերապրել է Լեռնային Ղարաբաղի կարճատեւ պատերազմն, ասում է, որ այս խաղաղությունը պատերազմի չափ դառն է»:
The Washington Post-ի հեղինակներ Լիզ Քուկմանն ու Ռոբին Դիքսոնը հիշեցնում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, թե այլընտրանքը եւս մեկ ինքնասպան պատերազմն էր լինելու։ «Լեռնային Ղարաբաղում զոհվածներից շատերը ժամկետային զինծառայողներ էին, դեռահասներ: Մյուսները Հայաստանից եւ սփյուռքից կամավորագրված զինվորներ էին, ովքեր հանուն հաղթանակի մի կողմ էին դրել իրենց կյանքն ու աշխատանքը»:
Հոդվածագիրները նկատում են, թե որեւէ պետություն, այդ թվում նաեւ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նրանց կարծիքով՝ պատերազմի պատճառը ձախողված բանակցություններն էին։ «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանավորությամբ ավելի քան երկու տասնամյակ ընթացող խաղաղ բանակցությունները չկարողացան համաձայնություն ապահովել՝ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու եւ անկլավի կարգավիճակի վերաբերյալ»:
-Եթե ինձնից կախված լիներ, մենք հրադադար չէինք ստորագրի, մենք կկանգնեինք մինչեւ վերջ եւ կհաղթեինք, -The Washington Post-ին ասել է Շուշիի կռիվների մասնակից, 90-ականների պատերազմի վետերան, շինարար 48-ամյա Սեյրան Կարապետյանը՝ համոզված, որ նորից պատերազմ է լինելու, ավելի շուտ, քան կարելի է կարծել։ «…եւ ես կվերադառնամ, անկախ նրանից կինս պատրաստ է դրան, թե ոչ, իմ մահը կլինի մեր հայ ազգի համար»։