ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 27 դիտակետերում համալիր վարժանք են անցկացրել: Մարզման ընթացքում մշակվել են հնարավոր խախտումների կանխման, սադրիչ գործողությունների եւ դիտակետի վրա հարձակումը հետ մղելու գործողություններ:
Հենակետերի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները: Վարժանքին մասնակցել են նաեւ ռուս խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորներն աշխատել են կրակային դիրքերի գրավման, նշված թիրախներին կոորդինատներով զենքեր ուղղորդելու, ինչպես նաեւ թիրախների հետախուզման ու կրակային դիրքերի փոփոխման մարտավարական նորմատիվները:
Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Դրագունը նշել է, որ դիրքի անձնակազմի հետ օր ու գիշեր կանոնավոր կերպով մարտական պատրաստության վարժանքներ են անցկացվում։
«Մշակվել են տարբեր սցենարներ, ինչը անձնակազմին թույլ է տալիս հմտորեն գործել ոչ ստանդարտ իրավիճակներ առաջանալու դեպքում: Մարտական պատրաստության վարժանքներ անցկացնելիս մերձակա բնակավայրերի բնակիչները վստահությամբ եւ ըմբռնումով են վերաբերվում մեզ, վարժանքների կազմակերպման ժամանակ ոչ մի խնդիր ու հարց չի առաջանում»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը