Համավարակի պայմաններում շփումների սահմանափակումների պահպանման պատրվակով Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլում գործող «Ավեստա» հրատարակչատան «Ավեստայի զրույցներ» խորագիրը կրող եւ քրդերենով վարվող գրական զրույցների՝ Մարդինում նախատեսված միջոցառումները։
«Ավեստա» հրատարակչատան ներկայացուցիչը արգելքի մասին գրել է Twitter-ի միկրոբլոգում: Գրառման հեղինակը նշել է, որ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Միրզա Մեթինի բանախոսությամբ Մարդինում իրականացվելիք զրույցը։ Դրանից հետո հրատարակչատան ղեկավարությունը գործընկերներին դժվար կացության մեջ չդնելու համար անորոշ ժամանակով հետաձգել է նախատեված միջոցառումների շարքը։
Հրատարակչատան ղեկավար Աբդուլահ Քեսքինը, Twitter-ում իր գրառմամբ քննադատելով թուրքական ոստիկանության պահանջը, այն անընդունելի է համարել։ Քեսքինը հիշեցրել է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Մարդինում քրդերեն ղուրանյան հատվածներ էին ընթերցվում, մինչդեռ այժմ փոքրիկ գրական միջոցառում անգամ չեն կարողանում կազմակերպել։