Արցախյան պատերազմի պատճառով բազմաթիվ ընտանիքներ, թողնելով իրենց տունը, հողը եւ ունեցվածքը, եկել էին Հայաստան՝ ժամանակավոր ապաստան գտնելու: Նրանց մեծ մասը մնաց Երեւանում,մյուսները տեղավորվեցին հանրապետության մարզերում: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ներկայումս բնակվում է արցախցի հիսունութ ընտանիք, մոտ 207 մարդ:
«Ընտանիքների մեծ մասը բարեկամների տանն են բնակվում, որոշները՝ բազմամարդ լինելով, վարձել են մեծ բնակարաններ։ Արձագանքելով մեր տեղադրած հայտարարությանը՝ տեղացիներն իրենց տներում հյուրընկալեցին տասնյակից ավելի արցախցիների։ Եւս 34 հոգու էլ տեղավորեց «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը»,-ասում է Արթիկի համայնքապետարանի հանրային կապերի բաժնի աշխատակից Տաթեւ Չարչյանը։
Համայնքապետարանն ընտանիքներին տրամադրում է տարատեսակ օգնություն՝ սնունդ, հիգիենայի միջոցներ, հագուստ, կենցաղային տեխնիկա, տարատեսակ ծառայություններ է մատուցում՝ ունենալով պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ բարերարների աջակցությունը։
Տարհանված ընտանիքների մեջ կան նաեւ դպրոցահասակ երեխաներ։ Համայնքապետարանի աշխատակիցը նշում է, թե իրենց համար հատկապես գերխնդիր էր, որ երեխաները չզրկվեն կրթության իրավունքից: «Արթիկում գտնվող բոլոր արցախցի երեխաները մասնակցում են դասապրոցեսներին: Եղել են այնպիսիք, որոնք հեռավար դասերին միանալու համար հեռախոս եւ ինտերնետային կապ չեն ունեցել, հնարավորության սահմաններում այդ խնդիրը փորձել ենք լուծել»,-նշում է Տաթեւ Չարչյանը:
Կարեւոր է, որ տեղահանված երեխաները դպրոցներում պատշաճ հոգեբանական աջակցություն ստանան: Այդ ծառայությունը սովորաբար մատուցում են դպրոցներում աշխատող հոգեբաններն ու սոցիալական մանկավարժները, սակայն մարզերում գործող ոչ բոլոր դպրոցներն ունեն այդպիսի աշխատակիցներ: Այս խնդիրը լուծելու համար Արթիկի մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնը դիմել է կրթական այլ հաստատությունների՝ երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու համար:
Արթիկի թիվ 3 ավագ դպրոց են հաճախում Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղից Արմինե եւ Ռոբերտ Եղոյանները։ Հայրը առաջնագծում էր մնացել, իսկ երեխաները մոր հետ եկել էին տատիկի տուն։ Ներկայում մեկ սենյականոց տանն ապրում են յոթ հոգով: Երեխաները ներգրավված են կրթական պրոցեսում։ Արցախը լքելիս իրենց հետ գրքեր եւ գրենական պիտույքներ չեն հասցրել վերցնել, դասավանդող ուսուցիչներն են նրանց ապահովել ամեն ինչով։
Երեխաների առօրյան այնքան էլ հագեցած չէ, զբաղվում են միայն դասերով: Արմինեն օրինակ՝ Արցախում ազգագրական պարերի է հաճախել։ Հարցին՝ կուզենար այստեղ էլ պարի գնալ, պատասխանում է. «Հենց հետ գնամ հայրենիք, ամեն ինչ էլ կշարունակեմ»։
Արմինեն խոսում է նաեւ դժվարությունների մասին. «Մի քանի անգամ պարենային օգնություն ենք ստացել, սակայն մեզ համար մեծագույն խնդիրը հիմա կոմունալների հարցն է. ձմեռը մոտ է, Արթիկն էլ ամենատաք քաղաքը չես անվանի»։
Ընտանիքն այդ հարցով մի քանի անգամ դիմել է համայնքապետարան, սակայն պետական կառույցները նման օգնություն տրամադրելու միջոց դեռ չունեն:
Պատերազմի սկզբում նրանք համոզված էին, որ մարտական գործողությունները շուտ կավարտվեն, իրենք էլ մոտ ապագայում կվերադառնան տուն։ Բայց երբ իմացան, որ Քաշաթաղը նոյեմբերի 9-ի համաձայնագրով անցնելու է Ադրբեջանին, ընտանիքի ապագան դարձավ անորոշ:
Զրույցի վերջում Արմինեն ասում է, որ հայրենի օջախ վերադառնալու, հարազատ տունն ու այդքան սիրելի այգիները կրկին տեսնելու հույսը չեն կորցնում՝ միաժամանակ նշելով, թե պատրաստ են ապրելու Հայաստանի եւ Արցախի ցանկացած վայրում, որտեղ պետությունն իրենց տուն կտրամադրի։