Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, որոնց թվում՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի՝ կրակի դադարեցմանը միտված միջնորդական ջանքերը։ Նա արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարեւորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։
ՀՀ արտգործնախարարը կողմերի ուշադրությունն է հրավիրել եռակողմ հայտարարության որոշ դրույթների իրականացված չլինելու խնդրին` ընդգծելով հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Միրզոյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի եւ այդ ձեւաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։
Ըստ Բաքվի պաշտոնական հաղորդագրության` Բայրամովը հանդիպման ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի եւ երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ շեշտել հայտարարության կետերի իրացման կարեւորությունը:
Մինսկում ԱՊՀ ԱԳ նախարարների հերթական նիստի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ առաջարկելով քննարկել երկկողմ խնդիրներն ու տարածաշրջանային հարցերը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Լավրովը գոհունակություն է հայտնել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում շփվելու, երկկողմ գործերն ու տարածաշրջանային հարցերը քննարկելու հնարավորության համար։ «Մեր երկրների ղեկավարները վերջերս շփվել են հեռախոսով, կան հարցեր, որոնք պետք է լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը նշել է, որ վերջերս հանգամանալից շփվել են Մոսկվայում։
«Բայց այսօր կարելի է դիտարկել ինչ-ինչ լրացուցիչ հարցեր՝ թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային․ Ղարաբաղը միշտ պետք է արժանանա մեր ուշադրությանը»,- ընդգծել է ՌԴ նախարարը։