ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդգծել է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում արտացոլված ինքնիշխանության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, պետական սահմանների անխախտելիության, ուժ եւ ուժի սպառնալիքի չկիրառման ու վեճերի՝ խաղաղ միջոցներով կարգավորման սկզբունքներին հավատարմության կարեւորությունը։
Արարատ Միրզոյանը կարեւորել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը եւ ադրբեջանական ԶՈՒ-ի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատմանը։
Հաղորդակցության ուղիների բացումը օգտակար է տարածաշրջանի համար
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մինսկում ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը կոչ է անում սկսելու սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը։
«Չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է նորմալացնելու հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա»,- պնդել է նա։
Բայրամովը նաեւ համոզմունք է հայտնել, որ հաղորդակցության ուղիների բացումը օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին եւ կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային ծրագրերում։
Հայտարարություններ, ծրագրեր, այլ փաստաթղթեր
ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում ընդունվել են մի շարք հայտարարություններ, որոնք հոկտեմբերի 15-ին կներկայացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը։
Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաեւ ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ բազմամակարդակ խորհրդակցությունների 2022-ի ծրագիրը, Կենսաբանական եւ թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ամրապնդման մասին ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը, Ահաբեկչությանը եւ ծայրահեղականության այլ դրսեւորումներին հակազդման խնդիրների հետազոտության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպություն ստեղծելու որոշումը եւ այլ փաստաթղթեր:
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախորդ նիստն անցկացվել էր ապրիլի 2-ին Մոսկվայում։