Բրիտանական «The Guardian» պարբերականը գրել է, որ տխրահռչակ «Պանդորայի թղթապանակ»-ի տվյալներով՝ Ղազախստանի կառավարությունը գաղտնի 166 հազար ֆունտ ստեռլինգ է վճարել բրիտանացի նախկին քաղաքագետ, գրող Ջոնաթան Այթքենին՝ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մասին կենսագրական գիրք գրելու համար:
Այթքենը բրիտանական պառլամենտի եւ Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին անդամ է: Նրա քաղաքական կարիերան դրամատիկ վախճան է ունեցել 1996-ին, երբ դատարանում ստել է՝ թաքցնելով, թե ով է իրականում վճարել փարիզյան «Ritz» հյուրանոցի իր բնակության վարձը: Ավելի ուշ պարզվել է, որ վճարողը Սաուդյան Արաբիայի թագավորի որդին է եղել:
«Ritz» հյուրանոցի մասին հրապարակման համար Այթքենը «The Guardian» պարբերականի դեմ դատական հայց էր ներկայացրել, սակայն սուտ ցուցմունքների համար ազատազրկվել էր: Հակառակ այս հանգամանքի՝ Այթքենն առաջվա պես ազդեցիկ հանրային դեմք է: Մեծ քաղաքականությունը լքելուց հետո նա սկսել է զբաղվել համաշխարհային պատմության կարկառուն դեմքերի կենսագրության ուսումնասիրմամբ:
«2020-ի ապրիլին Ջոնաթան Այթքենը թռավ Վաշինգտոն՝ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մասին գովաբանական կենսագրական նոր գրքի շնորհանդեսին մասնակցելու համար: Շնորհանդեսի իր ելույթում Այթքենը մոռացավ հիշատակել մի շատ կարեւոր դրվագ. Ղազախստանի կառավարության համար աշխատող փիար ընկերությունը գաղտնի կերպով գիրք էր պատվիրել եւ վճարել դրա հոնորարը. «Պանդորայի թղթապանակ»-ի տվյալներով՝ Այթքենն իր գրական աշխատանքի դիմաց 166 հազար ֆունտ ստեռլինգ է ստացել»,- գրել է «The Guardian»-ը:
Հետաքննության հեղինակները պնդում են, որ գումարը փոխանցել էր Պանամայում գրանցված եւ Հոնկոնգում հաստատված «WorldPR» ընկերությունը՝ Հոնկոնգի եւ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գործող «Aitken Consultancy & Research Services Limited»-ի միջոցով: Ըստ «Պանդորայի թղթապանակ»-ի՝ ընկերությունը վճարել էր նաեւ Այթքենին՝ վաշինգտոնյան շնորհանդեսի եւ Սպիտակ տնից երկու թաղամաս հեռավորությամբ «Capital Hilton» հյուրանոցի համարի վարձը:
Այթքենն ավելի վաղ պնդել է, թե Ղազախստանի կառավարությունից գրքի համար հոնորար չի ստացել:
«Պանդորայի թղթապանակ» անունով հայտնի մեծածավալ փաստաթղթերի արտահոսքը բացահայտել է մի շարք երկրների նախկին եւ գործող ղեկավարների գաղտնի ունեցվածքը։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICJ) հրապարակումներում նշվում են 35 գործող եւ նախկին քաղաքական գործիչների, ավելի քան 100 երկրի շուրջ 300 պաշտոնյաների անունները: