Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Արցախի Մարտունու շրջանի Նոր Շենի ուղղությամբ։ Լարվածություն կա նաեւ Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկում իրավիճակը հանդարտեցնելու համար։
Ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից
Արցախի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ։ Հրազենից վիրավորվել է վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ ադրբեջանական կողմին նույնպես իրադրությունն ապակայունացնող գործողություններից ձեռնպահ մնալու կոչ է անում:
Լրջագույն սպառնալիքը մարդկանց անվտանգության ու խաղաղ կյանքի համար
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորվել է 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Արման Թաթոյանն ընդգծել է, որ խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարեւանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ եւ մի քանի այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ եւս կրակոցներ են արձակվել:
«Քիչ առաջ խոսեցի Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ով այս պահին այցելել է զինվորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները:
Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է»,- շեշտել է ՀՀ ՄԻՊ-ը:
Արման Թաթոյանը կրկին ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարեւանությամբ լրջագույն սպառնալիքն է մարդկանց անվտանգության ու խաղաղ կյանքի համար, նրանց կյանքի իրավունքի ոտնահարում է:
«Հաշվի առնելով, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Նոր Շեն ու մյուս համայնքների անմիջական հարեւանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու անվտանգությունը, ակնհայտ է, որ վիրավորված բոլոր զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արարքների համար»,- եզրափակել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։