ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ, Վահե Հարությունյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Human Rights Watch հասարակական կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Տանյա Լոկշինային։
Զինդատախազը ներկայացրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կատարած անթույլատրելի արարքներն ու հանցագործությունները՝ հյուրի ուշադրությունը մասնավորապես հրավիրելով Ադրբեջանի զինված ուժերի գերեվարած հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսեւորման դեպքերին:
Վահե Հարությունյանը կարեւորել է նշված փաստերի մասին միջազգային իրավապաշտպան եւ շահագրգիռ հասարակական այլ կառույցների տեղեկացվածությունը, ինչպես նաեւ տուժող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը։
Տիկին Լոկշինան պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել պատերազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։