Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունն այս պահին հանգիստ է։
Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի։
ՊԲ-ն նշել է նաեւ, որ հրամանատարությունը Արցախի իշխանությունների հետ իրավիճակի հետագա լիցքաթափմանն ուղղված համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Արցախի ՊԲ-ն հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն առողջապահության նախարարի հետ այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ երեկ տեղափոխվել են վիրավորված զինծառայողները։
Արտակ Բեգլարյանը նշել է, որ ադրբեջանական զինուժի կրակոցների հետեւանքով վիրավորված վեց զինծառայողից բացի՝ որեւէ այլ վիրավոր կամ զոհ չկա։ Նա մանրամասնել է, որ տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, եւ բոլորն էլ վիրավորվել են, իսկ երեք զինծառայող հենակետից դուրս է եղել եւ ոչ մի վնասվածք չի ստացել:
Բժիշկները նախարարին ու պետնախարարին հավաստիացրել են, որ թեեւ վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել է կրակոցներ արձակելու մասին լուրը` պնդելով, թե իր զինված ուժերն այս միջադեպի հետ առնչություն չունեն: