Արգենտինայում կատարվել են պատվաստանյութերի համադրությունների՝ աշխարհում առաջին ուսումնասիրությունները։
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի եւ բրիտանա-շվեդական «AstraZeneca»-ի համադրությունը գերազանց արդյունքներ է տվել Արգենտինայում անցկացված համատեղ հետազոտությունների ժամանակ։ Իսկ «Սպուտնիկ Լայթ»-ը եւ «Moderna»-ի պատվաստանյութը, որպես խթանիչներ, բարձրացրել են կորոնավիրուսի դեմ այդ պատվաստանյութերի իմունային պատասխանը:
Ըստ հետազոտության՝ պատվաստումից 14 օր անց «AstraZeneca», «Moderna», «CanSino» եւ «Sinopharm» պատվաստանյութերի եւ «Սպուտնիկ Լայթ»-ի համադրությունը ավելի լավ արդյունք է տվել նշված պատվաստանյութերի երկու դեղաչափը ստանալու համեմատությամբ:
Ռուսաստանում մայիսի 6-ին գրանցվելուց հետո «Սպուտնիկ Լայթը» հաստատել են Հայաստանը, Բելառուսը, Անգոլան, Բահրեյնը, Վենեսուելան, Եգիպտոսը, Իրանը, Ղազախստանը, Կոնգոն, Ղրղզստանը, Մավրիկիան, Մոնղոլիան, Նիկարագուան, ԱՄԷ-ն, Պաղեստինը եւ Ֆիլիպինները:
«Սպուտնիկ V»-ն գրանցված է ավելի քան 4 մլրդ բնակչություն ունեցող 70 երկրում։ Այս պահին դրա արտադրությունը հաստատվել է 13 երկրում՝ Արգենտինայում, Հայաստանում, Բելառուսում, Բրազիլիայում, Վիետնամում, Հնդկաստանում, Իտալիայում, Իրանում, Ղազախստանում, Մեքսիկայում, Սերբիայում, Հարավային Կորեայում եւ Ուզբեկստանում:
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ հետաքրքրված է նաեւ Մեքսիկան: