Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ երեկ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը:
Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկները:
«Տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլեւ ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը եւ որեւէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար»,- ընդգծել է Արցախի ԱԱԾ-ն:
Գերատեսչությունը հորդորել է զերծ մնալ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չստուգված, հեռախոսազանգերի միջոցով որոնված թերի կամ իրականությանը բացարձակապես չհամընկնող տեղեկությունները հանրայնացնելու անընդունելի եւ անտրամաբանական մոտեցումներից:
«Անհրաժեշտ է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած սուտ կամ կեղծ տեղեկություն ուղիղ հարված է սահմանային մեր բնակավայրերի խաղաղ բնակիչների անվտանգությանը, նրանց հոգեկան առողջությանը, նպաստում է խուճապ եւ առավել վտանգավոր այլ հետեւանքներ առաջացնելուն»,- շեշտել է Արցախի ԱԱԾ-ն։