ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հոկտեմբերի 15-ին Մոսկվայում քննարկել են «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության իրականացման հնարավորությունները։ Նրանք անդրադարձել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազաէներգետիկ ծրագրերի ընթացիկ հարցերին։
Սուրեն Պապիկյանը «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի հարթակում զրուցել է նաեւ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Քննարկվել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ հարցեր։
Հայաստանը, Վրաստանը, Իրանը եւ Ռուսաստանը 2016-ի ապրիլին Երեւանում կնքեցին քառակողմ փաստաթուղթ, որով հաստատվեց «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի ձեւավորման ճանապարհային քարտեզը:
Դրա գործարկմամբ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կկարողանան աշխատել համաժամանակյա՝ փոխանակելով մինչեւ 1200 ՄՎտտ հզորության հոսքեր: