Երեկ Կրեմլը մի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ԱԱԾ ղեկավարների հետ առցանց կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե Արևմուտքը ԱՊՀ երկրներում ապակառուցողական ու անկայուն վիճակ է ստեղծում՝ ժողովրդավարություն պարտադրելով։ Ըստ նույն հաղորդագրության՝ հատուկ ծառայությունների ղեկավարները «ընդհանուր համաձայնության են եկել, որ այդ գործընթացներն իսկապես ապակառուցողական են անդրադառնում ԱՊՀ երկրների ներքաղաքական իրադրության վրա»։
Այն, որ Կրեմլը այդպես պիտի հայտարարեր, նորություն չէ, «գունավոր» շատ հեղափոխություններ են դատապարտվել Մոսկվայի կողմից։ Բայց որ Հայաստանը կհամաձայնի Ռուսաստանի այդպիսի դիրքորոշմանը, մեր մեջ ասած, անսպասելի էր։ Թե՞ հեղափոխությունն արեցինք, պրծանք, հիմա ամեն հիմարության կարելի է համաձայնել։ Կարող էինք նաև այսպես ընկալել մեր ԱԱԾ ղեկավարի համաձայնությունը։
Բայց ահա թե ինչն է հարցը։ Նախ՝ ի՞նչ գործ ունի մեր ԱԱԾ ղեկավարը ԱՊՀ այլ երկրների դեմոկրատացման գործընթացների հետ։ Երկրորդ՝ մեզ մոտ ո՞վ է փորձում դեմոկրատիա պարտադրել, եթե «ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերով» մենք գրեթե ավելի քան դեմոկրատական երկիր ենք։ Պուտինը դեռ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ էր նույնն ասում ու մինչև հիմա նույնն է ասում․ դրանով ի՞նչ է փորձում արձանագրել, որ մենք այլևս դեմոկրատական չե՞նք։ Թե՞ Փաշինյանի հետ արդեն լուծել վերջացրել են այն հարցը, որ էլ դեմոկրատական չենք լինի։
Այն, որ Հայաստանը գնում է դեմոկրատիայի ճիշտ հակառակ ուղղությամբ, նկատելի է անզեն աչքով, հենց միայն կոռուպցիայի մեծ թափը թեկուզ պետական գնումների քաղաքականության մեջ արդեն հերիք է։ Դեմոկրատական նվաճումներում հպարտանալ չի կարող նաև մամուլը։ Բոլորս ենք հիշում, թե պատերազմից առաջ ինչքան հասանելի էին լրագրողներին նույն Փաշինյանն ու ԱԱԾ ղեկավարը։
Ըստ ամենայնի, Հայաստանն այսօր հարցեր ունի լուծելու, որոնց դեմոկրատիան խանգարում է։ Այդ իմաստով ժողովրդավարակա՞ն էին մեր ընտրությունները։ Կարծում եմ, այո՛, ժողովրդավարական էին, բայց այստեղ ընտրությունների դեմոկրատացման հեղինակը․․․ Ռոբերտ Քոչարյանն էր։ Հենց նրա ուրվականը ժողովրդին համախմբեց հեղափոխության առաջնորդի շուրջ։ Որովհետև պարտությունն արդեն փաստ էր, դրա հետ ոչ ոք ոչինչ անել չէր կարող, իսկ ահա անպատժելիությունն ու «միակ տղամարդը» դեռ կարող էին վերադառնալ։ Այնպես չէ, որ այսօր անպատժելիության հարցերը նույնպես լուծված են։ Ընտրություններից հետո ՔՊ-ն իսկապես իրեն անպատժելի է զգում, խորհրդարանում ընդդիմության ծեծկռտուքն ու դա մարսելն ամեն ինչ արժեն։
Մի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը գիտի, թե ինչ է ասել, ու մեր ԱԱԾ ղեկավարն էլ գիտի, թե ինչին է համաձայնել։ Հայաստանը «դաբրո» է տվել ժողովրդավարության նահանջին, և, ըստ ամենայնի, մենք դեռ ավելի տգեղ գործողությունների վկա կլինենք։ Նախկինում մեր ժողովրդավարությանը խանգարում էր Ղարաբաղը, այսօր մեր ժողովրդավարությանը կխանգարի Ղարաբաղի ուրվականը, որովհետև մեզ դեռ կարող են համոզել, որ կորցնելու բան կա, խելոք վե՛ր ընկեք տեղներդ։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: