Իրանի արտաքին գործերի նախարարը շինծու եւ կեղծ է անվանել Հայաստանի եւ Իրանի մասնակցությամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքները։
ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն նշել է, որ այդ արտահայտությունները ծառայում են «միայն սիոնիստական ռեժիմի» շահերին եւ դեմ են Թեհրանի ու Բաքվի միջեւ «եղբայրական հարաբերություններին»:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջատար դեր է խաղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Մենք ունեցել ենք հազարավոր նահատակներ եւ վիրավորներ, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում իրենց նվիրել են այդ վատ երեւույթի դեմ պայքարին»,- ըստ իրանական «IRNA» գործակալության՝ նշել է Խաթիբզադեն։
Նա ընդգծել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում բազմաթիվ մարդկային զոհերը այդ ուղղությամբ Իրանի շարունակական անձնուրաց ջանքերի միայն մի փոքր մասն են։ Այդ փաստը բազմիցս հաստատվել է միջազգային համապատասխան մարմինների կողմից։
«Ցավոք, տպավորություն է ստեղծվում, որ չնայած տարբեր շփումների ընթացքում Բաքվից ստացվող մասնավոր եւ դրական հաղորդագրություններին՝ այնտեղ միտումնավոր անհիմն հայտարարություններ են արվում լրատվամիջոցների համար, որոնց մենք, անկասկած, պատասխան կտանք»,- ընդգծել է Խաթիբզադեն:
ՀՀ-ն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի շրջանառության դեմ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ԱՊՀ առցանց գագաթնաժողովում, հայտարարել էր, թե 30 տարի շարունակ Հայաստանն Իրանի հետ օգտագործել է Լեռնային Ղարաբաղի տարածքները դեպի Եվրոպա թմրանյութերի շրջանառությունը կազմակերպելու համար:
Ալիեւից հետո ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, թե Հայաստանն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի միջազգային շրջանառության դեմ։ Հայաստանի եւ Իրանի ուժային կառույցները բավականին արդյունավետ համագործակցություն են ձեւավորել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու համար։
Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, եթե․․․
Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար հիմնական հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումն է, եւ Երեւանը պատրաստ է բանակցություններ սկսելու Բաքվի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո։
Նա ընդգծել է, թե երկարաժամկետ խաղաղության հասնելու համար կարեւոր են հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը, եւ Հայաստանը պատրաստ է սկսելու այս գործընթացը Ռուսաստանի եւ այլ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Սակայն այդ գործընթացը դժվար է սկսել, քանի դեռ ադրբեջանական ուժերը խախտել են այդ սահմանը, եւ այնտեղ մշտական հրաձգություն է։
Փաշինյանն առաջարկում է սահմանի վիճահարույց հատվածում տեղակայել ռուսական սահմանապահներ եւ այլ միջազգային դիտորդներ։
Փաշինյանը այսօր ԱՊՀ գործընկերներին տեղեկացրել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում աշխատանք է տարվում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման ուղղությամբ, եւ հույս հայտնել, թե որոշակի արդյունքների կհասնեն մոտ ապագայում:
Սա նշանակում է, որ Հայաստանը կունենա ավտոմոբիլային եւ երկաթգծային կապ Ռուսաստանի, երկաթգծային կապ Իրանի հետ, իսկ Ադրբեջանը կունենա երկաթգծային կապ Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով:
Հակադարձելով Ալիեւի ավելի վաղ հնչած հայտարարությանը, թե Ադրբեջանն ավելի շուտ է Հայաստանին փոխանցել բոլոր ռազմագերիներին, քան Հայաստանը, եւ այսօր Ադրբեջանում պահվող հայերը ռազմագերիներ չեն, այլ դիվերսանտներ, Փաշինյանը շեշտել է․ «Ես պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետին, որը վերաբերում է բոլոր գերիների, պահվող անձանց վերադարձին։ Խոսքը ոչ միայն ռազմագերիների, այլեւ բոլոր պահվող անձանց մասին է»։