Հայաստանի 9 համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ կազմավորվել են 152 տեղամասեր:
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ կայքում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166753 քաղաքացիներից 10216-ը կամ 6.13 տոկոսը։
Ամենաշատը ընտրություններին մասնակցել են Տաթեւում՝ ընտրողների 14.71 տոկոսը (614 մարդ), ամենաքիչը` Գյումրիում՝ ընտրողների 3.92 տոկոսը (4296 մարդ)։
Դիլիջանում մասնակցության թիվը կազմում է 8.43 (1549), Գորիսում` 9.63 (1993), Տաթեւում` Տեղում` 11.26 (438), Մեղրիում` 14.64 (1255) տոկոս:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ:
Գյումրիում, Դիլիջանում, Գորիսում, Մեղրիում, Տաթեւում, Տեղում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով. քաղաքացիներն ընտրում են կուսակցություններին կամ դաշինքներին, քաղաքական ուժը կձեւավորի ավագանու թիմ ըստ ցուցակի, եւ ավագանու անդամներն արդեն կընտրեն համայնքի ղեկավարին:
Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ` 7 կուսակցություն եւ 3 դաշինք՝ «Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն:
Դիլիջանում առաջադրվել է 5 կուսակցություն` «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք», «Հանրապետություն»:
Սյունիքում` Գորիսում, ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Հայ ազգային կոնգրեսը:
Մեղրիում «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցություններն են ընտրապայքարի մեջ մտել:
Տեղ համայնքում առաջադրվել են «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Տաթեւում պայքարում են «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Շանթ» կուսակցությունները:
Մյուս երեք համայնքներում` Շամիրամ (Արագածոտնի մարզ), Ֆերիկ (Արմավիրի մարզ), Ֆիոլետովո (Լոռու մարզ), ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվը չի անցնում 4000-ը:
Թարմացում
ԿԸՀ-ի տվյալներով` ժամը 14-ի դրությամբ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 11.31 տոկոսը (12382 քաղաքացի):
Դիլիջանում մասնակցության թիվը կազմում է 21.14 (3884), Գորիսում` 24 (4968), Տաթևում` 33.02 (1378), Տեղում` 28.33 (1102), Մեղրիում` 30.80 (2640) տոկոս:
Ընդհանուր առմամբ այսօր ընթացող բոլոր համայնքների ընտրություններին 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 15.97 տոկոսը (26627 քաղաքացի):
Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166753 քաղաքացիներից 42541-ը կամ 25.51 տոկոսը։