Հայաստանի երկրորդ քաղաքն այսօր քաղաքապետ է ընտրում։ Ինչպես եւ կանխատեսել էին քաղաքագետները, մասնակցությունն աննախադեպ ցածր է։
Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացնում է, որ մինչ այս պահը 12271 քաղաքացի է մասնակցել քվեարկությանը, որը ընտրողների ընդհանուր թվի 11,21 տոկոսն է։ Մինչեւ ժամը 11։00-ն քվեարկության էին գնացել ընդամենը 4000 մարդ՝ ընտրողների 3․92 տոկոսը։
Ընդհանուր առմամբ ընտրություններն ընթանում են առանց լուրջ միջադեպերի, իրավիճակը հանգիստ է, բայց հասարակության մի մասի մոտ տարակուսանք է առաջացրել ավելի քան քառասուն գյումրեցիների դրամական օժանդակություն տալու մասին լուրը։ Պարզվում է՝ Շիրակի մարզպետարանը նախընտրական շրջանում 50000-ական դրամ է բաժանել քաղաքացիներին որպես սոցիալական աջակցություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը կատարվածի մեջ քաղաքական երանգ չի նկատում։ Ասում է՝ դա նման է նրան, որ մարդիկ ամսվա սկզբին թոշակ են ստացել, ուրեմն գնան իշխող ուժին ընտրեն։ Թե ինչու են մարդիկ սոցիալական աջակցության համար իրենց դիմել, Հովհաննես Հարությունյանը մատնանշում է մեղավորներին․ «30 տարի մարդիկ սոված են, թող մտածեին,, մարդկանց ապրելու միջոց տային, հետո նման բաներ չասեին»։
Հարցին, թե ինչու Սյունիքում նույնը որակվեց կաշառք, Գյումրիում՝ ոչ, Հարությունյանը պատասխանեց, որ այս երկու դեպքերը ոչնչով նման չեն, քանի որ Գյումրու դեպքում սոցիալական աջակցությունը շարունակական գործընթաց է՝ աշխատանքային պրոցես։ Իր հետ չհամաձայնողներին թեկնածուն առաջարկեց դիմել իրավապահ մարմիններին։
Ընդդիմադիր «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը վստահ է, որ իրավապահ համակարգն այս հարցին չի անդրադառնալու։ Մրցակցի խոսքերը դիտարկում է որպես խոստովանական ցուցմունք։ «Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են երկակի ստանդարտներ։ Նույն արարքի համար Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այս պահին անազատության մեջ է»,- ասում է Պողոսյանը։
Գալով 30 տարի սոված գյումրեցիներին օժանդակություն տրամադրելուն՝ ընդդիմադիր թեկնածուն հարց է ուղղում՝ մի՞թէ վերջին երեք տարում նոր իշխանությունը չկարողացավ կերակրել քաղաքացիներին։
Թե ինչ գնահատական կտա իրավապահ համակարգը, դեռ հայտնի չէ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։