Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դը Բույան դը Լաքոստը լքել է երկիրը։ Ըստ բելառուսական լրատվամիջոցների՝ պատճառն այն է, որ դը Լաքոստը չի մասնակցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հավատարմագրերի հանձնման արարողությանը:
Ֆրանսիական դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը նշել է, որ Բելառուսի ԱԳՆ-ն դեսպանին խնդրել է հեռանալ մինչեւ հոկտեմբերի 18-ը։ Նա հրաժեշտ է տվել դեսպանատան աշխատակիցներին եւ բելառուսցի ժողովրդին տեսաուղերձ է փոխանցել, որն այսօր կտեղադրվի դեսպանատան կայքում:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հոկտեմբերի սկզբին դը Լակոստը հանդես էր եկել Բելառուսում մահապատժի վերացման օգտին:
Ֆրանսիան, ինչպես Եվրամիության մյուս երկրները, չի ճանաչել անցած տարվա օգոստոսին Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը մի շարք պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ՝ կառավարության կողմից զանգվածային բողոքի ակցիաների ճնշումից հետո:
Բելառուսը մարտին վտարել էր Լատվիայի դեսպանին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին հոկեյի առաջնությունում Լատվիայի իշխանությունների կողմից Բելառուսի ընդդիմության դրոշի օգտագործման պատճառով: Օգոստոսին Մինսկը հետ վերցրեց ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆիշերի նշանակման համաձայնությունը: Նրա թեկնածությունը հաստատվել էր դեկտեմբերին, եւ Ֆիշերը պետք է դառնար Բելառուսում ԱՄՆ առաջին դեսպանը 2008-ից ի վեր: