Կյանքի 85-րդ տարում մահացել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը։ Փաուելի հարազատները հայտնել են, որ նախկին պետքարտուղարը մահացել է կորոնավիրուսի հետևանքով ծագած բարդություններից, սակայն հատուկ ընդգծում են, որ նա ամբողջությամբ պատվաստված էր։
Քոլին Փաուելը պետքարտուղարության ղեկավար էր նշանակվել 2001-ին՝ այդ պաշտոնում աշխատելով Ջորջ Բուշ կրտսերի առաջին նախագահական ժամկետի ամբողջ ընթացքում՝ մինչև 2005 թվականի հունվար։ Նա այդ պաշտոնը զբաղեցրած առաջին աֆրոամերիկացին է։
Փաուելը դիվանագիտական ծառայություն էր եկել բանակից։ 1987-1989 թվականներին աշխատել է որպես ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության հարցերով օգնական: 1989-1993 թվականներին նա ԱՄՆ Զինված ուժերի շտաբների ղեկավարների միասնական կոմիտեի պետն է եղել։ Այս պաշտոնում Փաուելը աչքի է ընկել Իրաքի նկատմամբ 1991-ին՝ Ծոցի առաջին պատերազմում տարած հաղթանակով։ Դրա ընթացքում ԱՄՆ բանակը դաշնակիցների հետ հաշված օրերի ընթացքում իրաքյան զորքերը դուրս է մղել Քուվեյթի տարածքից։
Ըստ BBC-ի, որպես քաղաքագետ, Քոլին Փաուելը չափավոր հանրապետականի եւ պրագմատիկ քաղաքական գործչի համբավ ուներ։ Սակայն Փաուելը խզել է կապերն իր կուսակցության հետ՝ 2008-ին Բարաք Օբամային աջակցելու նպատակով։ Փաուելը իրաքյան պատերազմի անհրաժեշտությունը պնդողի համարում եւս ուներ, սակայն ավելի ուշ նա խոստովանել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ելույթը, որտեղ օգտագործվել են հետախուզության չստուգված (հետագայում հերքված) տվյալներ, բիծ է դարձել իր քաղաքական կարիերայում։
2001-ին Քոլին Փաուելը Քի Վեսթում մասնակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի բանակցություններին։