Լիբանանի կառավարությունը բողոքի նամակ է հղել Բեյրութում Ադրբեջանի դեսպանատուն՝ Լիբանանի քաղաքացուհու ճակատագրի վերաբերյալ, որը ենթադրաբար ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 10-ին գերեվարվել է Շուշիում: Այս մասին «Ալիք մեդիա»-ն տեղեկացավ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Ինչպես գրել ենք օրեր առաջ՝ Լիբանանի քաղաքացիներ էին անհետացել Շուշիի մերձակայքում, սակայն անունները չէին հրապարակվում, հաշվի առնելով նրանց մերձավորարեւելյան ծագումը, քանի որ Ադրբեջանը քանիցս հայտարարել է, թե հայերն այդ երկրներից վարձկաններ են բերում Ադրբեջան:
Լիբանանահայերի գերեվարության մասին լրատվությունը հայտնվել է նաեւ արաբական մամուլում: Մասնավորապես «Ալ Նահար» օրաթերթը նյութ է պատրաստել Լիբանանի քաղաքացիներ Մարալ Նաջարյանի եւ Վիգեն Ուլջեքյանի մասին (լուսանկարներում), նշելով, որ իրենց նախնիների երկիրն ապրելու գնացած Լիբանանի քաղաքացիներն անհետացել են Արցախում, իսկ, ըստ հեռախոսային հաղորդագրությունների՝ գերեվարվել:
«Նրանք երկուսն էլ տնտեսական ապահովություն էին փնտրում իրենց հայրենիքում՝ խուսափելով Լիբանանի ծանր տնտեսական պայմաններից: Նրանք ստացել էին հայկական անձնագրեր, ծրագրեր ունեին գործ հիմնել հայրենիքում: Տղամարդը որոշ ժամանակ տաքսի էր վարում»,-գրում է լիբանանյան թերթը, ավելացնելով, որ Մարալն ու Վիգենը նշանված էին:
Տեղեկություններն օրաթերթը հրապարակել է հիմնվելով անհետացած հայերի հարազատների հարցազրույցների վրա:
«Արցախի պատերազմին գին վճարեց նաեւ Լիբանանը»,-եզրակացրել է «Ալ Նահար»-ը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։