ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Վրաստանում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստելու Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը եւ օգնություն ցուցաբերելու եվրատլանտյան ինտեգրացիան առաջ մղելու հարցում։
Վրաստան այցի շրջանակում Պենտագոնի ղեկավարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ -ի հետ համագործակցության շրջանակում Վրաստանը պետք է կատարի պարտավորությունների իր մասը: Մասնավորապես, իրականացնի հիմնարար բարեփոխումներ երկրում ժողովրդավարության ամրապնդման, Արեւմուտքի հետ էլ ավելի սերտացման համար:
ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ժամկետների վերաբերյալ Լլոյդ Օսթինը նշել է, որ Վրաստանը շարունակում է առաջընթաց գրանցել ռազմական բարեփոխումների ոլորտում, եւ նոր պաշտպանական կարողությունների ամրապնդման նախաձեռնության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ ի հայտ կգան:
ԱՄՆ պաշտպանության նախարարը Թբիլիսիում նաեւ հանդես է եկել որպես դիվանագետ՝ ներկայացնելով Հարավային Կովկասի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը:
Նա բավականին կոշտ է մեկնաբանել Հարավային Կովկասում քաղաքական երկխոսության նոր ձեւաչափ ստեղծելու Թուրքիայի եւ Ռուսաստանի նախաձեռնությունը՝ «3+3» հարթակը:
Օսթինն ասել է, որ Մոսկվայի պնդումները Թբիլիսիի մասնակցության առնչությամբ միանշանակ չեն ընկալվում Վրաստանում: Նա նշել է, թե դա ենթադրում է Արեւմուտքին տարածաշրջանում քաղաքական գործընթացներից հեռացնելու փորձ։
Լլոյդ Օսթինը բավականին հստակ արտահայտել է Վաշինգտոնի վերաբերմունքը Մոսկվայի՝ նման առաջարկների վերաբերյալ՝ նշելով, որ Ռուսաստանը, որը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է առաջին հերթին կատարի իր պարտավորությունները՝ 2008-ի հրադադարի պայմանագիրը, եւ հետո միայն Վրաստանին առաջարկի մասնակցություն որեւէ հարթակում:
Լլոյդ Օսթինը եւ Վրաստանի պաշտպանության նախարար Խուանշեր Բուրչուլաձեն Թբիլիսիում ստորագրել են պաշտպանական գործընկերության հուշագիր: Փաստաթղթի նպատակն է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները։
Օսթինը ընդգծել է, որ այս նախաձեռնությունը նոր փուլ է ազդարարում երկկողմ անվտանգության ոլորտում եւ ցույց է տալիս Վրաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը։
ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Եվրոպա պաշտոնական այցի հաջորդ նպատակակետը Ուկրաինան է։ Այնուհետեւ նա կմեկնի Ռումինիա, եւ դաշնակիցների ու գործընկերների հետ կարեւոր իր հանդիպումները կավարտի Բրյուսելում: Այստեղ նա հոկտեմբերի 21-22-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների գագաթնաժողովին: Ըստ Պենտագոնի՝ Լլոյդ Օսթինի շրջագայությունը միտված է դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապնդմանը։