Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի Տատյան փողոցը վերանվանվել է իր նախկին՝ Մապետ անունով: Թուրքական ԶԼՄ-ներին հղում անելով՝ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ վերջին տասնամյակում հայ նշանավոր Տատյան գերդաստանի պատվին անվանակոչված ստամբուլյան փողոցը անվանակոչության պատճառով ժամանակ առ ժամանակ քննարկումների թեմա էր դառնում հանրության շրջանում: Թերթը նշում է, որ Բաքըրքյոյի վերջին երկու քաղաքապետներն ամեն գնով ցանկանում էին, որ այն, ի հիշատակ արքունի հայ վառոդապետների, մնա Տատյան անունով, սակայն, քաղաքապետների ջանքերն արդյունք չեն տվել, եւ այն անվանափոխվել է:
Տատյանները 18-20-րդ դարերում Օսմանյան կայսրությունում պետական, ազգային, հասարակական գործիչներ էին, որոնք պաշտոններ էին զբաղեցնում արքունիքում: Նրանք նյութական միջոցներ են տրամադրել Վենետիկի Մխիթարյաններին, ազդեցիկ դեր խաղացել Կոստանդնուպոլսի հայ համայնքի կրոնական եւ մշակութային կյանքում։ Ուսումնասիրողները Սուլթան Մահմուդի գահակալության շրջանն անվանել են «Տատյան դար»։
Տատյանների ամառանոցում է ստորագրվել Սան Ստեֆանոյի ռուս-թուրքական պայմանագիրը (1878)։