Ամփոփվեցին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա միջոցառման արդյունքները: Առցանց միջոցառմանը մասնակցեց ԶԼՄ, պետական կառույցների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների 80–ից ավելի ներկայացուցիչ։
Ավանդական այս մրցանակաբաշխությանը խորհրդանշական «Ոսկե բանալի» է շնորհվում տեղեկատվության ազատության լավագույն փորձ դրսեւորած, թափանցիկ աշխատանքով աչքի ընկած պետական ու քաղհասարակության կառույցներին եւ «ժանգոտ կողպեք»՝ տեղեկատվության ազատությունը խախտածներին:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ այս տարի թափուր է մնում «Ամենաբաց պետական մարմին» անվանակարգը, քանի որ որեւէ կառույց չի բավարարել չափանիշներին լիարժեք համապատասխանությունը։
«Տեղեկատվության տրամադրման լավագույն պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ www.mineconomy.am:
Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաարդյունավետ կիրառելու, բնապահպանական տեղեկատվության մատչելիության ապահովման համար «Ոսկե բանալի» շնորհվեց «Հանրային իրազեկման եւ մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ին։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործած լրագրող» անվանակարգում մրցանակի արժանացան Infocom․am կայքի լրագրող Նարեկ Մարտիրոսյանն ու բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող Թեհմինե Ենոքյանը։
«Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար հետեւողականորեն պայքարող քաղաքացիական նախաձեռնություն» անվանակարգում «Ոսկե բանալի» ստացան Ֆիզիկայի գիտավանի բնակիչները՝ «ՖիզԳորոդոկ Երևան» նախաձեռնության համար։
Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ «Հատուկ մրցանակ» շնորհվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ համավարակի ընթացքում կրթության եւ տեղեկատվության հասանելիության ապահովման համար։
«Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում «Ժանգոտ կողպեք»-ի արժանացավ ԱԺ-ն՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումներ մշակելու եւ առանց մասնակցայնության ընդունելու համար։ Նախկինում ԱԺ-ն սեւ ցուցակում հայտնվել է մեկ անգամ՝ 2013-ին:
Բացասական մրցանակ ստացան նաեւ պաշտպանության նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը՝ որպես տեղեկություն ստանալու իրավունքը հետեւողականորեն խախտած պետական կառույցներ: Եթե ՊՆ-ն առաջին անգամ էր արժանանում ժանգոտ կողպեքի, ապա Երեւանի քաղաքապետարանը տեղեկատվության սահմանափակման առումով աչքի է ընկել 3 անգամ: Շուշան Դոյդոյանն ասում է՝ վերջինս, հատկապես քաղաքաշինության ոլորտում լուրջ անելիքներ ունի, եւ «գուցե սա զանգ լինի իրենց համար, որ հասկանան, որ ինչ-որ բան այն չէ ու պետք է վերանայել մոտեցումները»:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսաուղերձով ողջունեց մասնակիցներին: «Ինֆորմացիան անգնահատելի արժեք է, որի ճիշտ եւ ժամանակին մատուցումից է կախված պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը։ Պետությունը պետք է ապահովի ինֆորմացիայի արդարացի հասանելիությունը բոլորի համար։ Պետք է մարդկանց հետ լինել ազնիվ, նրանց կարիքներին եւ նոր տեխնոլոգիաներին համահունչ»,- նշեց նա:
Արդեն 19-րդ անգամ անցկացվող ավանդական միջոցառումը հոբելյանական էր․ ԻԱԿ-ն այս տարի նշում է հիմնադրման 20 ամյակը։ Առաջին անգամ այն անցկացվեց առցանց ձևաչափով: Առաջիկա օրերին մրցանակակիրները կստանան իրենց մրցանակներն ու հավաստագրերը:
Տեղեկատվության ազատությունը մարդու կարեւոր իրավունքներից է՝ հենակետ մյուս իրավունքների իրացման համար:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։