2021-ի բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը կունենա 7,9 տոկոս անկում։ Բայց եթե մեր տնտեսությունը նոր կորոնավիրուսի համաճարակից եւ արցախյան պատերազմից հետո ընդամենն այդքան անկում ունենա, դա կարելի է բավականին մեղմ ցուցանիշ, անգամ բարեբախտություն համարել։
Հիշեցնենք, որ 2009-ի ճգնաժամի տարում, երբ համաճարակ չկար, որ պետությունը տարբեր ծրագրերից միջոցներ պահեր եւ ուղղեր առողջապահական ոլորտին, ինչպես արեց այս տարի, երբ փակ չէին աշխարհի սահմանները, եւ ոչ էլ այսպիսի դաժան պատերազմ եղավ, Հայաստանն ունեցավ երկնիշ`մոտ 15 տոկոս անկում:
Ամեն դեպքում հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները հուսադրող չեն։ Ճիշտ է՝ ընդհանուր տնտեսական անկումը շատ մեծ չի թվում՝ 6,7 տոկոս, բայց ոլորտների մեծ մասը ու հատկապես նրանք, որոնք ավանդաբար ապահովել են մեր տնտեսության քիչ թե շատ աճը, երկնիշ անկում են ունեցել: Օրինակ, շինարարության ոլորտում 13,3 տոկոս անկում է գրանցվել։ Մինչդեռ տարեսկզբին թվում էր, թե այս ոլորտի դեպքում ոչ միայն նվազումն այսքան խորը չպետք է լինի, այլեւ հակառակը, պետք է աճ լինի: Նախ` իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ շինարարական բում է սպասվում: Իսկ արդեն համավարակի ժամանակ խոստացան, որ սահմանները փակվելու պատճառով արտագնա աշխատանքի մեկնել չկարողացող, ինչպես նաեւ Հայաստանում լոքդաունի արդյունքում փակված ընկերությունների անգործ մնացած տղամարդկանց կապահովեն աշխատանքով շինարարության ոլորտում:
Ու դեռեւս մայիս ամսին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը հայտարարել էր, թե 111 կրթական, մշակութային, սպորտային օբյեկտների նախագծային աշխատանքներն ավարտված կամ ընթացիկ փուլում են: Իսկ այդ ծրագրերի իրականացումը ոչ միայն պետք է աշխատանքով ապահովեր անգործ մնացած մարդկանց, այլեւ նպաստեր, որ տնտեսության անկումը շատ խորը չլիներ: Բայց ոչ միայն այդ խոստումներն իրականություն չդարձան, այլեւ ոլորտը գրանցեց ամենամեծ անկումը: Ընդ որում, արդեն երկրորդ տարին իշխանությունները թերակատարում են կապիտալ ծախսերը` հիմնականում շինարարությունը: Գումար են հատկացնում, բայց չեն կարողանում այդ չափով աշխատանքներ իրականացնել։
Հաջորդ ոլորտները, որտեղ երկնիշ անկում է գրանցվել, առեւտուրը եւ ծառայություններն են, որոնք այս տարվա 10 ամիսներին ունեցել են համապատասխանաբար 12,5 եւ 12,8 տոկոս նվազում: Հասկանալի է՝ համաճարակի պատճառով չեն գործել առեւտրի տարածքներից որոշները, հանրային սննդի օբյեկտներն ու այլ ծառայությունները: Եվ եթե այդ բոլոր ոլորտները չեն գործել, եթե նվազել է պահանջարկը, բնականաբար դա իր ազդեցությունը պետք է թողներ արտաքին առեւտրաշրջանառության վրա, որն էլ իր հերթին նվազել է 11,4 տոկոսով:
Դեկտեմբերը առեւտրի եւ ծառայությունների ոլորտների համար ավանդաբար բավականին աշխույժ ամիս է եղել` պայմանավորված նախատոնական տրամադրություններով, բայց կարելի է կանխատեսել, որ այս տարի այդպես չի լինի, եւ տնտեսությունը կունենա կառավարության կանխատեսած թվից ավելի մեծ անկում: Հատկապես որ այս տարի կառավարությունը չորս անգամ վերանայեց այդ թիվը` 4,9 տոկոս աճից հասցնելով 7,9 տոկոս անկման: Իսկ տնտեսության այս չորս կարեւոր ճյուղերի երկնիշ նվազումից հետո դժվար թե հնարավոր լինի տարվա կտրվածքով տնտեսության համար միանիշ անկում ապահովել:
Իհարկե, եթե տնտեսությունը անկում է ունենում, չեն կարող չնվազել նաեւ եկամուտները` հարկերն ու մաքսային վճարները: Դրանց նվազելու մասին նույնպես գիտեր կառավարությունը, որը դեռեւս գարնանը վերանայեց այս տարվա բյուջեով նախատեսված թիվը եւ 1 տրլն 695 մլրդ դրամը դարձրեց 1 տրլն 600 մլրդ դրամ:
Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի պատրաստած տեղեկանքի համաձայն՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին հավաքագրվել է 1տրլն 134 մլրդ դրամ կամ 466 մլրդ դրամով պակաս, քան արդեն նվազեցված բյուջեն է սահմանել: Նոյեմբեր ամսվա տվյալները դեռ չկան, բայց արդյոք տարվա վերջին երկու ամիսներին հնարավոր է հավաքել այդքան գումար` յուրաքանչյուր ամսում 233 մլրդ դրամ: Դժվար թե: Հատկապես որ այս տարի ամենաշատ եկամուտները հավաքագրվել են հունվար ամսին, այն էլ ընդամենը 146 մլրդ դրամ: Այնպես որ բյուջեի` անգամ գարնանը նվազեցված ցուցանիշը նույնպես թերակատարման վտանգի տակ է:
Եվ պետությանն այլ բան չի մնում, քան էլ ավելի մեծացնել արտաքին պարտքը, ինչը եւ անում է:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։