Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր հայտնել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի գնի շուրջ։
Գրիգորյանը նշել է, թե բանակցություններն ընթանում են 2019-ից, եւ մի շարք հարցերում համաձայնության կա։ Նա չի հստակեցրել՝ ինչ գնի շուրջ են պայմանավորվել։
2019-ի հունվարի 1-ից գազը թանկացել էր՝ հազար խորանարդ մետրի համար 150 դոլարից հասնելով 165 դոլարի։ Բայց սպառողներին գազը վաճառվում է շատ ավելի բարձր գնով, հաշվի առնելով «Գազպրոմ-Արմենիա» ընկերության ծախսերն ու պետական տուրքերը։
Հայաստանին գազ մատակարարելու մենաշնորհը ռուսական «Գազպրոմ» ընկերությանն է։