ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին՝ պատվիրակության նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ։
Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաեւ ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի մշտական ներկայացուցիչ դեսպանները եւ ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները՝ ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրենության ղեկավար Վերենա Թեյլորը, Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը եւ այլք։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։
Արման Թաթոյանը եւ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նրանց են ներկայացրել պատերազմական հանցանքների ապացույցները եւ խոշտանգումների հիմնավորումները։
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արցախյան վերջին պատերազմում եւ դրանից հետո ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ:
Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցներ, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետեւ գրեթե նույն ձեւակերպումներով լայնորեն օգտագործվում եւ խրախուսվում է մշակութային, մարզական ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում ունենալով երեխաների:
Ոչ միայն սոցիալական, այլեւ անվտանգային խնդիրներ
Պաշտպանը տեղեկություններ է փոխանցել նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ պետական սահմանին առնչվող հարցերը պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետեւանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքներից, որի հետեւանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլեւ անվտանգային լուրջ խնդիրներ:
Անվտանգության գոտու ստեղծման հրամայականը
Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, օրինակ՝ Սեւ լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաեւ արձակում են կրակոցներ:
Դրանից բացի` մարդկանց մեծ մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլեւ Գեղարքունիքի մարզում: Ավելին` մի շարք գյուղեր զրկված են ջրից:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլեւ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:
Միջազգային պահանջների կոպիտ խախտում
Հանդիպման ժամանակ ինչպես Արման Թաթոյանը, այնպես էլ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:
Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ վերադարձվեն հայրենիք՝ առանց որեւէ քաղաքական կամ այլ նախապայմանի, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների եւ նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ եւ առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը նշել են, որ խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը պատասխանատվության չի ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար։