«Սա զինվորի կռիվ չէր, օդի կռիվ էր, զինվորի կռիվ լիներ, երեւի կհաղթեինք»․ արցախյան վերջին պատերազմն այսպես է գնահատում մասնագիտությամբ վարորդ Արմանը։
Նա ծառայում էր Սյունիքի մարզի զորամասերից մեկում, երբ սեպտեմբերի քսանյոթին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Ճակատագրական այդ առավոտը փոխեց շատերի կյանքի ընթացքը։ Հոկտեմբերի երեքին 300-ից ավել զինվորների հետ Արմանն էլ տեղափոխվեց Ջրականի շրջան (Ջաբրայիլ)՝ պատերազմի ամենաթեժ կետերից մեկը։
Երիտասարդները, որ պատերազմի մասին լսել էին միայն դպրոցում, բակում կամ տեսել համակարգչային խաղերում, օրեր շարունակ ապրում էին իսկական դժոխքում՝ առերեսվելով անմարդկային դեպքերի հետ. մտերիմների մահ, դիրքերի ու բնակավայրերի ավեր, ընկերների դիերի հապշտապ հուղարկավորումներ եւ այլն։
Արմանն իրեն վերածնված է համարում. արկերի տեղատարափի տակ մեքենայով զենք կամ զինվոր տեղափոխելիս քանի-քանի անգամ կարծել է, թե տեղ չի հասնելու, բայց մի կերպ փրկվել է անխուսափելի թվացող ավարտից։
Հոկտեմբերի տասնվեցին՝ հերթական անգամ զենք տեղափոխելիս, հարվածն իր մեքենային էլ է հասել, ուղեւորներից երկուսը զոհվել են, մեկը թեթեւ վնասվածք ստացել, իսկ Արմանը վիրավորվել է ոտքի եւ կողերի հատվածներում։
«Ձայն էի տալիս, ոչ ոք չէր մոտենում, կրակը չէր դադարում, այդպես տասը- տասնհինգ րոպե պառկած եմ մնացել, հետո ինքնուրույն մոտ 300 մետր գնացել եմ, մինչեւ հասել են օգնության, իսկ հաջորդ օրը տեղափոխել են Երեւան»․ պատմում էր մեր զրուցակիցը։
Զինվորների տրամադրվածությունը մարտական է եղել, միայն հոկտեմբերի հինգին հակառակորդին 300 զոհ են պատճառել, ինչպես նաեւ մեծ թվով զինտեխնիկայի կորուստ։ Ադրբեջանական կողմը խիտ կրակ է բացել, սակայն տասից մեկն է հասել նշանակետին։ Թիկունքից ուղարկած փաթեթները, քաղցրավենիքը՝ ոգեւորիչ գրություններով, քաջալերել են տղաներին, մի քանիսն անգամ հարսնացու են գտել։
«Պատերազմը շատ դաժան էր, սարսափելի, բայց կարելի է ասել՝ նաեւ հետաքրքիր։ Տարիներ շարունակ կարդում ես գրքերում դրա մասին, լսում անհավանական պատմություններ, մի օր էլ իրական կյանքում արթնանում ու հայտնվում այդ ամենի մեջ։ Կյանքի ցավոտ եւ բեկումնային օրեր էին․ գրազ էինք գալիս, խփում, ոգեւորվում, ուրախանում նշանակակետին հարվածելիս, ինքներս մեզ նորովի էինք երեւի ճանաչում։ Շատ բան է տվել պատերազմը, արժեքներ են փոխվել կյանքումս, ընտանիքի եւ հայրենիքի գաղափարներն եմ վերաիմաստավորել». ասում է Արմանն ու տխուր ժպտում։
Այս վերաիմաստավորումից զատ՝ նա ապրածը հաղթահարելու խնդիր ունի, ինչի համար երկար ժամանակ է պետք։ «Առաջին օրերին, երբ նոր էի տուն վերադարձել, ինքնաթիռի, ուղղաթիռի ձայն լսելիս փախչում էի, մտովի դեռ դիրքերում էի»։