«Կիրակի էր, քնած էինք, պայթյունի ձայնից վեր թռանք։ Մենք Ստեփանակերտում ենք ապրում։ Նախկինում էլ ենք լսել կրակոցներ ու պայթյուններ, բայց երբեք ձայներն այդքան մոտ չեն թվացել»,- ասում է Հայկուհին։
Նա հարսն է արցախցի Գաբրիելյան ընտանիքի, որի անդամների հետ զրուցել ենք պատերազմի, Արցախից հեռանալու, Հայաստանում տանիք գտնելու, պատերազմական գործողությունների ժամանակ իրենց զավակի վիրավորվելու եւ անծանոթ մարդկանց ցուցաբերած բարության մասին։
«Հենց առաջին օրը որդուս զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցում եկավ, եւ նա գնաց։ Վիճակը սրվում էր, պարզ էր, որ այստեղ [Ստեփանակերտում] այլեւս ապահով չէ։ Ես ու ամուսինս ամսի 29-ին հարսիս ու թոռներիս՝ Էդուլիկին եւ Արամին, բերեցինք Երեւան՝ բարեկամների մոտ մի քանի օր մնալու, մինչեւ իրավիճակը կայունանար։ Հաջորդ օրը ետ դարձանք Ստեփանակերտի մեր տուն․ կարեւորը՝ երեխաներն ապահով էին»,- ասում է ընտանիքի մայրը՝ Մայանը։
Բայց Գաբրիելյան ամուսինները Ստեփանակերտում երկար չմնացին, հոկտեմբերի 3-ին կրկին ճանապարհ ընկան Երեւան՝ հասցնելու որդու՝ Վիտալիի, վիրավորվելու գույժը։
«Հոկտեմբերի 2-ին շատ անհանգիստ էի․ զգում էի, որ մի բան այն չէ, անընդհատ վախի զգացումով զանգում էի Վիտալիին, բայց նա չէր պատասխանում, սիրտս վկայում էր»,-ասում է Հայկուհին։
Հայկուհու ամուսինը վնասվել էր ռմբակոծության ալիքից, գլխուղեղի վնասվածք ստացել։ Տեղում վիրահատել էին, հետո տեղափոխել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ կրկնակի վիրահատության։
Մոտ մեկ շաբաթ անց Վիտալիի վիճակը կայունանում է, բայց գլխուղեղի ձախ կիսագնդի վնասվածքն անհետ չի անցնում. մարմնի աջակողմյան հատվածը կաթվածահար էր, չէր կարողանում խոսել։
«Արամ»,- հպարտությամբ բացականչում է փոքրիկ Արամիկը։ Թվում է՝ ծանոթանում է, բայց իրականում հուշում վիրահատությունից հետո հոր արտաբերած առաջին բառը։
«Այո՛, առաջին լրիվ բառը, որ վիրահատությունից հետո արտաբերեց փոքր որդու անունն էր»,- հաստատում է Հայկուհին։ Հիմա Վիտալին կնոջ անունն էլ է տալիս։
Մեկ ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո, բուժումը պետք է շարունակեին «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտոնում։
Գաբրիելյանների ընտանիքը բավականին երկար ժամանակ բնակվում էր հարազատների տանը: Տունը փոքր էր, եւ ոչ շատ հարմար անկողնուն գամված հիվանդի համար։ Այդ իսկ պատճառով նրանց առաջ խնդիրն էր դարձել, Վիտալիի հիվանդանոցից դուրս գրվելուն պես, նոր կացարան գտնելը։
«Արդեն երկու օր էր տուն էինք փնտրում։ Պետք է Երեւանում լիներ՝ վերականգնողական կենտրոնին մոտ։ Տարբեր համարներով զանգում էինք, բայց տունը կամ արդեն զբաղված էր, կամ՝ արժեքը բարձր։ Երբեմն էլ հասկացնում էին, թե վեց հոգով մեկ-երկու սենյականոց տանը չենք տեղավորվի։ Նույնիսկ «Ղարաբաղցիներին տուն չենք տալիս» ասողներ եղան։
Խաղահրապարակում, ուր Էդիկ պապը թոռներին խաղալու էր տանում, պատահաբար ծանոթանում է Սերգեյ Սարգսյանի հետ։ Ընկերանում են, պատմում իր խնդիրների մասին։
«Ճիշտ հասցեով ես դիմել»,- կատակում է Սերգեյը, նկարում Էդիկին եւ իր ֆեյսբուքյան էջում հրապարակում անում։ Մի քանի ժամ անց, կացարանի հարցը լուծվում է։
«Աստված պահպանի եւ՛ Սերգեյին, եւ՛ այդ տղաներին, որ արձագանքեցին։ Նրանք ոչ միայն տունն էին վարձակալել, այլեւ կոմունալներն էին վճարել։ Չգիտեմ նման լավության տակից, ոնց ենք դուրս գալու»,- ուրախության արցունքներն աչքերին պատմում է Մայանը։