Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի (TIM) եւ վիճակագրության ինստիտուտի տվյալներով վերջին ժամանակներս երկրի արտահանման ծավալները մեծ թափ են հավաքում՝ ի հեճուկս կորոնավիրուսի համավարակի եւ համաշխարհային առեւտրի խնդիրներից բխած անորոշության:
Նախորդ տարեվերջից հաշված՝ վերջին 13 ամսից 11-ում սահմանվել են ամսական ռեկորդները: Սեպտեմբերին առաջին անգամ թուրքական արտահանման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 20 միլիարդ դոլար: Դա մեծացրել է Թուրքիայի բաժինը համաշխարհային արտահանության ոլորտում:
Արդյունաբերությունը՝ արտահանման լոկոմոտիվ
Հոկտեմբերի դրությամբ համաշխարհային արտահանության ոլորտում Թուրքիայի մասնաբաժինը հասել է ամենաբարձր մակարդակին երկրի ամբողջ պատմության ընթացքում: Ըստ Թուրքիայի առեւտրի նախարար Մահմեթ Մուշի՝ եթե շուրջ 40 տարի առաջ 1980-ին Թուրքիայի բաժինը համաշխարհային արտահանման ծավալը կազմում էր 0,14 տոկոս, 2000-ին՝ 0,43 տոկոս, 2021-ին ավելի քան 1 տոկոս է:
Արդյունաբերության արտահանման զամբյուղում Թուրքիան առաջնային դիրքում է: 2021-ի հունվարից սեպտեմբեր արտահանումը կազմել էր 161 միլիարդ դոլար, որից 122,1 միլիարդ դոլարը արտադրական ոլորտինն է: Արտահանման առումով երկրորդ տեղում գյուղատնտեսական ոլորտն է՝ 20,7 միլիարդ դոլար, երրորդը՝ լեռնարդյունաբերական ոլորտը՝ 4,4 միլիարդ դոլար:
Եվրոպան՝ թուրքական ապրանքների առաջատար ներմուծող
Այս տարվա հունվարից սեպտեմբերին թուրքական ապրանքների ամենախոշոր ներմուծողը եղել է Գերմանիան՝ 13 միլիարդ դոլար, այնուհետեւ՝ Մեծ Բրիտանիան՝ 9,3 միլիարդ դոլար, ԱՄՆ-ը՝ 9,2 միլիարդ դոլար, Իտալիան՝ 7,5 միլիարդ դոլար եւ Իսպանիան՝ 6,6 միլիարդ դոլար:
Նշված ժամանակաշրջանում ավտոմոբիլային արդյունաբերության արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 21,2 միլիարդ դոլար, քիմիական ապրանքներինը՝ 18,2 միլիարդ դոլար, պողպատինը՝ 15,8 միլիարդ դոլար, պատրաստի հագուստինը՝ 14,8 միլիարդ դոլար: