Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հրապարակել է 2022-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը, որոնք ներառում են 2 միլիոն դոլարի օգնության առաջարկ Արցախին։
«Հանձնաժողովն առաջարկում է մինչեւ 2000000 դոլար՝ մարդասիրական ականազերծման եւ պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) մաքրման աշխատանքների համար այն տարածքներում, որոնք տուժել են 2020-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով։ Առաջարկը ենթակա է հատկացումների հանձնաժողովների հետ նախնական խորհրդակցության»,- նշված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում։
Զեկույցում նաեւ կոչ է արվում մարդասիրական օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղահանվածներին:
Հանձնաժողովն ընդգծել է, որ մտահոգված է ձգձգվող հակամարտությամբ եւ Պետքարտուղարին խնդրել է Հայաստանի եւ Ադրբեջանի համար Աջակցության ակտի IV հոդվածի ներքո հասանելի դարձած աջակցությունը տրամադրելուց առաջ խորհրդակցել հատկացումների հանձնաժողովների հետ:
Մինչեւ նախագահը չսահմանի եւ չզեկուցի Կոնգրեսին
Օրինագիծն ինքնին վերահաստատում է Աջակցության ակտի 907-րդ բանաձեւը, որն ընդունվեց 1992-ին, երբ Կոնգրեսը սկզբունքային դիրքորոշում որդեգրեց հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դեմ: 907-րդ բանաձեւում հայտարարվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներ չեն կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, մինչ նախագահը չսահմանի եւ այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները եւ ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ:
«2001-ի սեպտեմբերի 11-ին ամերիկյան հողում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 907-րդ բանաձեւում ավելացվեց ազգային անվտանգության կասեցումը: Կասեցման կիրառումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերը կամ չի կիրառվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»,- նշել են Ամերիկայի հայկական համագումարից։
Ողջունում է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը
ԱՀՀ-ն ընդգծել է, որ Սենատի Հանձնաժողովի այս գործողությունը հետեւում է 2022-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների եւ հարակից ծրագրերի հատկացումների առնչությամբ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի՝ Հայաստանին 50 միլիոն դոլար եւ Արցախին 2 միլիոն դոլար հատկացնելու օրինագծի եւ զեկույցի առաջարկությանը:
«Համագումարը ողջունում է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հայ ժողովրդին: Մինչ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը ամփոփում են Հատկացումների օրինագծերը, մենք կոչ ենք անում Կոնգրեսին հիմնավոր ֆինանսավորում հատկացնելու թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին»,- ընդգծել է Համագումարի կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: