Կորոնավիրուսային 2020-ից ամենաշատը տուժած ոլորտներից մեկը զբոսաշրջությունն էր: Զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցային ու հանրային սննդի օբյեկտները համավարակի տարածման ու փակ սահմանների հետեւանքով շրջանառության, եկամուտների շեշտակի անկում գրանցեցին:
Նրանք կարողացան մի փոքր շունչ քաշել միայն ամռան ամիսներին ու սեպտեմբերին՝ ներքին զբոսաշրջության հաշվին: Սակայն Արցախում սեպտեմբերին սկսված պատերազմը երկրորդ մեծ հարվածը հասցրեց ինչպես ամբողջ տնտեսությանը, այնպես էլ զբոսաշրջության ոլորտին:
Մարդիկ սովորել են ՔՈՎԻԴ-19-ի հետ ապրել, եւ եթե չլիներ պատերազմը, արդեն 2021-ի աշնանը զբոսաշրջության ոլորտը Հայաստանում կսկսեր դանդաղ վերականգնվել։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ ոլորտն արթնանալու նշաններ է տալիս, բայց «ցավոք, կազմակերպված զբոսաշրջությունը դեռ թույլ է մեզ մոտ»:
Նրա հետ համակարծիք է Ֆրանսիայից Հայաստան ժամանած Հայկ Ներսիսյանը։ Նա առաջին անգամ է հայրենիքում: Երիտասարդը մեզ հետ զրույցում ասում է, որ բավականին հաճախ է ճամփորդում՝ տարվա մեջ 3-4 անգամ, այլ երկրներում նրան հիմնականում հետաքրքրում են փառատոները, մեծ միջոցառումները, որոնց ներկա գտնվելու համար Հայկը չի խնայում ո՛չ իր գումարը, ո՛չ էլ ժամանակը:
«Գիտեմ, որ Հայաստանում մեծ ճոխությամբ է անցկացվում գինու փառատոնը, այս տարի եկա ու համոզվեցի: Կցանկանայի, որ մեր երկրի բարիքները ներկայացվեն նաեւ շատ այլ փառատոներում ու միջոցառումներում, որպեսզի դրսի մարդիկ շահագրգռված լինեն Հայաստան գալով»,- ասում է Հայկը:
Իսկ «ASM.Tour Service Armenia» տուրիստական ընկերության տնօրեն Արթուր Մակարյանը կարծում է, որ զբոսաշրջության ոլորտն անտեսված է, եւ ոչինչ չի ձեռնարկվում այն զարգացնելու համար:
«Սերժ Թանկյանի համերգի ժամանակ՝ այդ մի քանի օրը, տուրիզմի առումով լուրջ շարժ ունեցանք: Այսինքն՝ եթե մենք ունենանք լուրջ միջոցառումներ, ապա կունենանք նաեւ աճ»,- ասում է նա։
Մակարյանի կարծիքով օտարերկրացիները հիմնականում գալիս են Հայաստան՝ տեսնելու քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրը, սակայն անգամ սա վերջին շրջանում մղվել է երկրորդ պլան, որովհետեւ երկրի կարեւոր այս առանձնահատկությունը բավարար չափով չի ներկայացվում օտարերկրացիներին:
Զբոսաշրջային ընկերությունների տնօրենները մեզ հետ զրույցում նշում են, որ իհարկե, ոլորտն ուշքի է գալիս, սակայն դրա լիարժեք վերականգնման համար ամենակարեւորը խաղաղությունն է, որի բացակայությունն ամենից շատն է վախեցնում զբոսաշրջիկներին:
Սակայն պատերազմով անցած եւ նույնիսկ ահաբեկչական հարձակումների ենթարկված երկրները կարողացել են վերականգնել զբոսաշրջության ոլորտը: Բանալին եղել է լուրջ մարքեթինգային քաղաքականությունը: Օրինակ՝ Վրաստանը 2008 թվականի պատերազմից հետո հաղթահարեց զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը, այդ երկիրը հրավիրեց աշխարհի լավագույն մասնագետներին, լավագույն PR կազմակերպությանը, որի աջակցությամբ էլ ոլորտը վերականգնվեց։
Իսկ այժմ բացի արտաքին խնդիրներից, զբոսաշրջության տեւական անկումային վիճակի հետեւանքով ստեղծվել են նաեւ ներոլորտային խնդիրներ: Սովորաբար, երբ որեւէ ոլորտ անկում է գրանցում, մասնագետները սկսում են այլ աշխատանք փնտրել, իսկ երբ կրկին սկսում է զարգանալ, արդեն կադրերի խնդիր է առաջանում, ինչն էլ ավելի է դանդաղեցնում վերականգնման ընթացքը։
Սա հաշվի առնելով՝ Ամերիկյան համալսարանը մշակել է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված կրթական ծրագիր, որը ֆինանսավորել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամը։ «Ճիշտ քաղաքականության դեպքում, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, զբոսաշրջութան ոլորտը կարող է մի քանի տարում վերականգնվել»,- ասում է Ամերիկյան համալսարանի դասախոս, զբոսաշրջության մարքեթինգի փորձագետ Զարմինե Զեյթունցյանը:
Այս ծրագիրը հնարավորություն կտա պատրաստելու զբոսաշրջության ոլորտում նոր սերնդի ղեկավարների, որոնք իրենց գիտելիքներով կկարողանան լուրջ ազդեցություն ունենալ ոլորտի հետագա զարգացման վրա:
Չնայած այս ամենին՝ ոլորտի տեւական հանգիստ ու քնած վիճակն ունեցել է նաեւ իր դրական հետեւանքները: Այդ մասին մեզ պատմում է Մելան Նազարյանը։ Նա հանգստյան փոքրիկ գոտի ունի Սեւանում։
«10-15 հատ տնակներ կան, որոնք իմն են, եւ ապրուստիս միջոցը ամռանն այդ տնակները վարձակալությամբ հանձնելու շնորհիվ եմ վաստակել: Ճիշտ է, նախորդ տարին ծանր էր, սակայն չեմ բողոքում, թոռնիկներիս ասում եմ՝ գոնե մի քանի ամիս Սեւանը շնչեց, հանգստացավ»,- ասում է տիկին Մելանը։ Ըստ նրա՝ ամռանը Սեւանի լողափերում սեւանցիներ չկան, հիմնականում հանգստի եկած երեւանցիներ ու զբոսաշրջիկներ են, որոնք իրենցից հետո թողնում են ահռելի խնդիրներ լճի համար:
Նա հույս ունի, որ ոլորտի վերականգնման հետ մեկտեղ կլուծվի նաեւ լողափերում կարգապահության ու մաքրության հարցը, որովհետեւ նման հանգիստն աղետալի հետեւանքներ կարող է ունենալ Սեւանի համար: