ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային F-16 կործանիչներ գնելու առաջարկ չի արել։
«Թուրք պաշտոնյաները հրապարակայնորեն խոստովանել են F-16 կործանիչներ գնելու իրենց հետաքրքրությունը։ ԱՄՆ-ը ոչ մի ֆինանսական առաջարկ չի արել F-16-ի վերաբերյալ Թուրքիայի առաջարկին»,- ասել է Փրայսը։
Նա ընդգծել է, թե Միացյալ Նահանգները շարունակում է խորհրդակցությունները Թուրքիայի հետ՝ F-35 կործանիչների ծրագրում Անկարայի ներգրավվածության շուրջ վեճը լուծելու համար: «F-35-ի ծրագիրը անհամատեղելի է С-400-ի հետ»,- կրկնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: F-35 կործանիչների արտադրման ծրագրից Անկարան հեռացվել էր ռուսական С-400 (S-400) համակարգեր գնելու համար։
«Reuters» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաեւ այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը առաջարկել է այդ ինքնաթիռները վաճառել Թուրքիային F-35 կործանիչների ծրագրում ներդրումների դիմաց:
«Խոսքը 1,4 միլիարդ դոլարի մասին է, որը մենք վճարել ենք F-35-ի համար: ԱՄՆ-ը այդ վճարման դիմաց մեզ նման առաջարկ է արել: Մենք նրանց ասել ենք, որ ամեն ինչ անելու ենք մեր երկիրը պաշտպանելու, մեր օդային նավատորմը միշտ պատրաստ պահելու համար: Բանակցում ենք այդ խնդիրը լուծելու համար»,- ասել է Էրդողանը։