Եվրամիության օրենսդիր մարմինը Անդրեյ Սախարովի անվան «Հանուն մտքի ազատության» մրցանակ է շնորհել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին:
Ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի՝ Նավալնիի թեկնածությունն առաջադրել են Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցություններից մեկը, և «Թարմացնել Եվրոպա» լիբերալ պատգամավորների խմբակցությունը։
Եվրոպացի օրենսդիրները Նավալնիին անվանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «գլխավոր քաղաքական ընդդիմախոս»։
Նավալնին կալանավորվել է տարվա սկզբին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ բուժվում էր ենթադրաբար «Նովիչոկ»-ով թունավորումից։
Եվրամիության Սախարովի անվան մրցանակը շնորհվում է 1988 թվականից՝ «մարդու իրավունքների բնագավառում բացառիկ ներդրում ունենալու համար»։