Հայաստանի խորհրդայնացման 60-ամյակը (1980-ին) Իջեւանի շրջանի Բերքաբեր գյուղում նշանավորվեց գյուղի եւ ադրբեջանական սահմանին կառուցված Ջողազի ջրամբարի բացմամբ: Խորհրդային իշխանությունների ծրագիրը՝ ջուր հասցնել միաժամանակ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական գյուղերի դաշտերին ու այգիներին, մոտ տասը տարի անխափան աշխատեց:
Ջողազի ջրամբարի կառուցման նախապատրաստական աշխատանքները դեռեւս 1966-ից էին սկիզբ առել, տարածքը փորելու ժամանակ գետնի խորքերից հին իրեր էին դուրս գալիս: Բերքաբեր գյուղի բնակիչ Նորայր Արզումանյանը հետաքրքրվում էր գյուղի տներում եղած եւ գյուղամերձ տարածքից գտնվող բոլոր հին իրերով, վստահ էր, որ դրանք Բերքաբերի եւ տարածաշրջանի պատմության ամենախոսուն վկայություններն են:
Հենց ջրամբարի տարածքից, մոտ վեց մետր խորությունից գտնված ցորենով լի ապակյա շիշը դարձավ նրա ապագա թանգարանի առաջին նմուշներից մեկը: Հետագայում նմուշներ են գտնվել նաեւ ջրամբարին կից մ.թ.ա. 3-րդ հազարամյակի դամբարանադաշտից:
Նախկինում 10 հազար հեկտար հողատարածք ոռոգած ջրամբարն այսօր անգործության է մատնված, նրա աշխատանքը դադարել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով, երեք տարի առաջ կյանքից հեռացել է նաեւ Նորայր Արզումանյանը:
Սահմանամերձ Բերքաբերի ամենատեսարժան վայրն այսօր նրա հիմնած պատմաազգագրական թանգարանն է, որտեղ, իրերից բացի, տեղ են գտել նաեւ Ջողազի ջրամբարի կառուցմանը մասնակցած հայ, ադրբդեջանցի եւ վրացի շինարարների լուսանկարները, ջրամբարի բացման հանդիսավոր արարողության մասին տեղեկություններ, նախկինում Ջողազ, այժմ՝ Բերքաբեր այցելած նշանավոր մարդկանց այցերի վկայություններ:
Այդտեղ նույնիսկ Ալեքսանդր Գրիբոյեդովն է գիշերել:
Թանգարանի մոտ ութ հազար ցուցանմուշները Նորայր Արզումանյանը հավաքել է 1960-ականներից մինչեւ իր կյանքի վերջը՝ 2018 թվականը:
Բոլոր այդ տարիներին նա ոչ մի օր չի դադարել աշխատելուց սեփական ուժերով հիմնած թանգարանում, որի միակ աշխատողն էր՝ առանց աշխատավարձի, առանց որեւէ տեղ գրանցվելու:
Գիր-գրականությանը, անցյալի հիշատակներին, հայ մեծերին, շրջանի պատմությանը, կենցաղին, գյուղական ու քաղաքային մշակույթին, արհեստներին, հայրենակիցների կյանքին առնչվող ամեն ինչ արժանանում էր Նորայր Արզումանյանի ուշադրությանը, եւ նա թանգարանը հարստացնում էր օր օրի:
Անգամ կոտրված, վնասված իրը մեծ նշանակություն ուներ նրա համար, ջանք չէր խնայում դրանք թանգարան տանելու եւ այնտեղ խնամքով տեղավորելու: Թանգարանը հիմնել է գյուղական մի գրասենյակի շենքում: Չնայած խորհրդային տարիներից մնացած հին շենքի անմխիթար վիճակին եւ ադրբեջանական գնդակոծությունից վնասված պատերին՝ Նորայր Արզումանյանը թանգարանի դուռն ակնածանքով էր բացում Բերքաբեր գնացող բոլոր մարդկանց առջեւ՝ ցույց տալով նաեւ արկի այն հսկա կտորը, որով հարվածել են թանգարանին:
Ադրբեջանական եւ հայկական գյուղերի միջեւ սահման ծառայող ջրամբարի մոտ 2017-ին մի սփյուռքահայ «Խաղաղության այգի» է հիմնել, եւ Նորայր Արզումանյանը, ինչպես վկայում է որդին, միշտ սպասում էր երկու երկրների միջեւ խաղաղության հաստատմանը, որ աշխարհը կրկին կապ ունենա Ջողազ-Բերքաբերի հետ, ինչպես անցյալում:
Մահից հետո թանգարանի բանալին որդու՝ Փաշիկ Արզումանյանի ձեռքում է: «Հիմա արդեն ամբողջ Հայաստանն է սահմանամերձ, անվտանգ տեղ արդեն չկա, միայն Բերքաբերը չի»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է նա:
Ըստ նրա՝ թանգարանի աշխատանքներին համաճարակը, պատերազմը, հետպատերազմյան իրավիճակը շատ խանգարեցին: «Հորս մահից հետո էլ էին շատ գալիս, աշխույժ էին գյուղն էլ, թանգարանն էլ, բայց հիմա դուռը փակ է, հատուկենտ այցելուների համար երբեմն բացում ենք: Իհարկե, դա չի խանգարում, որ մենք եղածը պահենք, դեռ մի բան էլ ավելացնենք, թեեւ իր պես չենք կարող, ոչ մեկը իր պես չի կարող, բայց Նորայր Արզումանյանի ստեղծածը ապահով ձեռքերում է»,- Բերքաբերի պատմաազգագրական թանգարանի մասին ասում է հիմնադրի որդին:
Նա շատ լավ է հիշում, թե ինչպես է հայրը հավաքել թանգարանի իրերը: «Մենք նրան այդ ժամանակ չէինք հասկանում: Չէինք պատկերացնում՝ ինչ է անում: Ընտանիքը շատ չէր քաջալերում, քանի որ նա իր ամեն մի կոպեկը տան վրա ծախսելու փոխարեն թանգարանին էր տրամադրում: Ես իմ հորը ճանաչել եմ իր մահից հետո: Իր արած գործը հասկանում եմ հիմա, երբ որ ուսումնասիրում եմ թանգարանում եղածը, կարդում եմ իր գրածները»,- անկեղծանում է որդին՝ ասելով նաեւ, որ փոքր ժամանակ շատ էր զգում «տնից կտրված եւ հասարակությանը նվիրված» հոր կարիքը:
«Ինձ մի կոշիկ առած չկա: Թե՛ հողագործությունից ստացած եկամուտը, թե՛ ակումբ-գրադարանի իր աշխատավարձը նա թանգարանի վրա էր ծախսում: Այդպիսի մարդիկ չկան. այն ժամանակ էլ չկար, հիմա էլ չկա: Իմ հայրը նմուշ էր»:
Նորայր Արզումանյանի ազգականի՝ Արգամ Արզումանյանի ջանքերով այս տարի գյուղում բացվեց Նորայր Արզումանյանին նվիրված հուշաղբյուր, որի վրա Նորայր Արզումանյանի բանաստեղծություններից քառատող է: Հուշաղբյուրը դրվել է Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում. եկեղեցին նույնպես Նորայր Արզումանյանի նախաձեռնությամբ է կառուցվել: Այդ տարածքում մինչեւ խորհրդային տարիները փոքր եկեղեցի է եղել, խորհրդային իշխանությունները քանդել, ակումբ են կառուցել, իսկ Նորայր Արզումանյանն անկախությունից հետո այդ շենքն է քանդել տվել եւ եկեղեցու հիմք գցել: Շինարարությունը մոտ քսան տարի ֆինանսներ չլինելու պատճառով կանգնած էր: «Նորայր Արզումանյանն ամբողջ աշխարհում կարողացավ տարածել այս եկեղեցու մասին, ամեն տեղ ձայն էր բարձրացնում, բարերարներ հայտնվեցին, եկեղեցին ամբողջությամբ կառուցեցին»,- պատմում է որդին:
Բերքաբերի նորակառույց եկեղեցու բարերարները պոլսահայ Ժիրայր եւ Սիրանույշ Կանելյաններն են: 2013-ին թանգարանի հարեւանությամբ գտնվող եկեղեցու օծմանը նրանք եւ ներկա բազմաթիվ հյուրերը բարձր են գնահատել գյուղում եկեղեցի ունենալու Նորայր Արզումանյանի ջանքերը եւ նրա կատարած հավաքչական աշխատանքը: «Ամեն տեղից եկել են, աշխարհի որ ծայրից ասես այս թանգարան մարդ է եկել: Բոլորն ասում էին, որ ժամանակակից տեսք ստանալու դեպքում շատ քաղաքներ կերազեին նման թանգարան ունենալ: Շատերն էլ խոսք են տալիս, թե կօգնեն, որ նորոգվի, աշխատանքները կազմակերպվեն, բայց խոսքը մնում է խոսք»,- թանգարանի ճակատագրով մտահոգվում է հոր՝ տարիների հավաքած գանձերը տնօրինող որդին:
«Սա գյուղական թանգարան չէ: Ճիշտ է, գյուղում է հիմնվել, շատերը գյուղական թանգարանի տեղ են դնում, բայց նմուշները մշակելու, կարգի բերելու դեպքում թանգարանն ուրիշ նշանակություն կստանա: Նմուշները պետական թանգարանների պես ապակու տակ դրված չեն, փոշու մեջ կորած են, անկանոն շարված, բայց այստեղ ե՛ւ մեր թվարկությունից առաջվա իրեր կան, ե՛ւ հազարամյակների պատմություն ունեցող: Եթե փայլեցվեն, մշակվեն, նոր դրանց արժեքը կերեւա: Շատ բաների արժեքը չգիտենք էլ, պիտի գան, ուսումնասիրեն, համապատասխան եզրակացություններ տրվեն»,- ասում է Փաշիկ Արզումանյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից Բերքաբերի թանգարանի մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ նախարարությունը չի զբաղվում մասնավոր թանգարաններով, մասնավոր թանգարաններն իրենք են միջոցներ եւ ծրագրեր գտնում՝ իրենց հետագա աշխատանքները շարունակելու եւ կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է Նորայր Արզումանյանի հիմնած թանգարանին, որտեղ, ըստ տեղեկությունների, մինչեւ բրոնզի դարին վերագրվող իրեր կան, նախարարությունից նշեցին, թե կուսումնասիրեն:
«Գյուղը չի ցանկանա բաժանվել նման արժեքավոր իրերից,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետարանի մշակույթի բաժնի աշխատակից Մարինե Խաչատրյանը,- թանգարանը պետք է մնա գյուղում եւ հենց համայնքի ուժերով էլ կազմակերպվի, արդիականացվեն նրա աշխատանքները: Թեւ Բերքաբերը մեծ միջոցներ չունեցող գյուղ է, բայց այն համայնքին է պատկանում, մարզպետարանի ենթակայությամբ չի գործում, իրավաբանական կարգավիճակ էլ չունի, մարզպետարանը ֆինանսավորում չի ստանում նման ծրագրերի համար: Այդպիսի մի շատ հետաքրքիր ու հարուստ թանգարան էլ Կողբում կա, նորից անհատի միջոցներով է հիմնվել, հետո Կողբի մշակույթի տունն իր ենթակայության տակ է վերցրել: Նորայր Արզումանյանը ժամանակին շատ էր գալիս մարզպետարան, տանիքի նորոգման հարցով, այլ հարցերով օգնել ենք, բայց դա ընդամենը աջակցություն է եղել»:
Փաշիկ Արզումանյանը նույնպես չի պատկերացնում ցուցանմուշների՝ գյուղից տարվելն ու այլ վայրում ցուցադրվելը: Ժամանակին Հովհաննես Շիրազի տուն-թանգարանից, իմանալով, որ Նորայր Արզումանյանը Շիրազի հետ մտերիմ է եղել եւ բանաստեղծին նվիրված արխիվ է հավաքել, խնդրել ու այդ արխիվը Շիրազի թանգարան են տարել:
«Բայց դա հայրս իր ձեռքով տվեց: Ընդ որում՝ տվեց բոլոր բնօրինակները: Շիրազի նամակները, ձեռագրերը, լուսանկարները պատճենեց իր համար, բնօրինակները տվեց: Նա մեծ շիրազասեր էր, Շիրազն էլ բարձր էր գնահատում հորս: Շատ մեծերի հետ է մտերիմ եղել, բայց մնացել է համեստ մարդ»,- մեզ հետ զրույցում պատմում է որդին:
Հոր բանաստեղծություններում նա տեսնում է կյանքի անցողիկության մասին պարզ ու ապրված մտքեր: Նորայր Արզումանյանը հինգ տպագրված գրքի հեղինակ է, ունի բազմաթիվ անտիպ գործեր, որոնցում նաեւ իր ապրած վիշտն է. չորս երեխաներից երկուսը կյանքից հեռացել են երիտասարդ հասակում, իսկ երկու որդիներն այժմ փորձում են անել այն, ինչ չեն կարողացել անել նրա կենդանության օրոք: Փաշիկ Արզումանյանը հասցրել է հոր հետ անցկացնել նրա կյանքի վերջին տարիներին, Բերքաբեր է վերադարձել Ռուսաստանից, որտեղ ապրել է 25 տարի: «Հայրս նույնիսկ իր մահվան օրը թանգարանի մասին էր խոսում՝ լույսը վառած չթողեցի՞, գնացեք նայե՛ք՝ դուռը հո՞ բաց չեմ թողել»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։