Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի մնա առաջնային դերակատար Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման գործում: Հիշենք, պատերազմից հետո Իլհամ Ալիեւն ասում էր, որ Մինսկի խմբի կարիքն արդեն չկա, նա նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից էր ասում. «Չորս բանաձեւեր ընդունեցիք Հայաստանի ագրեսոր լինելու կապակցությամբ ու դրանց իրագործման ուղղությամբ ոչինչ չարեցիք, ես ուժով լուծել եմ էդ հարցը»:
Հիմա Հայաստանն ասում է, որ Մինսկի խումբն անելիք ունի: Մինսկի խմբի երկու համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ասում են, որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռ բաց է: Ռուսաստանը ձեն-ձուն չի հանում, թեպետ ինքն էլ է կարեւորում Մինսկի խմբի դերը:
Բայց ահա թե ինչն է խնդիրը: Ավարտվեցին այն ժամանակները, երբ ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ Մինսկի խմբում կար կոնսենսուս, այսինքն՝ կողմերն այստեղ հակասություններ չունեին, որովհետեւ իրենց առաջարկները փոխհամաձայնեցված էին լինելու, իսկ ընդունողներն էլ Հայաստանն ու Ադրբեջանն էին:
Բանն այն է, որ Ռուսաստանն ըստ էության պոկվել է Մինսկի խմբից հենց իր խաղաղապահ առաքելությամբ: Չմոռանանք, որ այդ գործունեությունն, այնուամենայնիվ, կոնսենսուս չունի: Այսինքն՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան իրենց հրապարակային համաձայնությունը չեն տվել այդ առաքելությանը։ Նրանք համաձայն են, որ այս պահին Ռուսաստանն ուղղակի միջնորմ է՝ կանգնած Ադրբեջանի եւ տեղաբնակ հայերի բնակավայրերի միջեւ:
Երբ ԱՄՆ-ն ասում է, որ կարգավիճակի հարցը բաց է, նա ամենեւին էլ նկատի չունի, որ դա բաց է Ադրբեջանի կամ Հայաստանի համար: Նա նկատի ունի, որ դա բաց է Ռուսաստանի համար: Այսինքն՝ հենց այս իմաստով է Իլհամ Ալիեւը ճիշտ, երբ ասում է, որ Մինսկի խումբ չկա: Որովհետեւ Մինսկի խմբի անդամներից մեկը խաղաղապահ առաքելություն է իրականացնում, որը վաղ թե ուշ չի ողջունվելու առնվազն ԱՄՆ-ի կողմից: Այսինքն՝ վաղ թե ուշ Ռուսաստանը միանալու է Իլհամ Ալիեւին եւ ասելու է, որ Մինսկի խումբն անելիք չունի այս հարցում, որովհետեւ…
Եվ այստեղ Ալիեւն ու ռուսներն արդեն միմյանց հետ համաձայն չեն. ինքը՝ Ռուսաստանը, կարգավիճակի հարցը լուծելու հեռանկար դեռեւս չի տեսնում: Իսկ կարգավիճակն ի՞նչն է։ Հայաստանի, Ադրբեջանի ուղղակի երկխոսությունը եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որն իր հերթին առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հնարավոր չէ: Դրանից հետո Ռուսաստանն ի՞նչ է անելու Ղարաբաղում:
Ահա հենց այս իմաստով է Մինսկի խմբի մեջ գործում դանդաղ գործողության ականը: Այդ ականը Մինսկի խմբի անդամներից յուրաքանչյուրն է, որը կա՛մ Ռուսաստանի հետ չի համաձայնվելու, կա՛մ ԱՄՆ-ի:
Ալիեւն իր խոսքն ասել է՝ ԼՂ հարցում Մինսկի խումբն անելիք չունի: Հիմա արդեն Մինսկի խումբը պետք է մտածի, թե ինչ սցենարով անելիք չունի: Ու դա պետք է լինի մի անգործություն, որն այս պրոցեսից դուրս կմղի Ռուսաստանին:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: