ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդի հետ:
Զրուցակիցները քննարկել են տարբեր հարթակների, դրանց թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակում ձեռնարկվելիք քայլերը։
Միրզոյանն ու Դոնֆրիդն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին: Երկուստեք կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն առաջնահերթ ընդգծել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւս հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը։