Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ։
Ի թիվս այլ հարցերի քննարկվել են Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում բոլոր 57 անդամ պետությունների մաքսային ծառայությունների հետ աշխատանքների համակարգման, առաջիկայում ՀՀ մաքսային ծառայության համար ռիսկերի խելացի կառավարման եւ օդանավակայաններում իրականացվող մաքսային հսկողության թեմաներով կազմակերպվող հեռավար միջոցառումներին առնչվող հարցեր։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վերահաստատել է Կոմիտեի պատրաստակամությունը՝ տեղեկատվական տեխոնոլոգիաների հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում։
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային մաքսային կազմակերպությանն անդամակցում է 1992-ից։
Հայաստանը ՀՄԿ «Մերկատոր» ծրագրի շրջանակում պարբերաբար ստանում է խորհրդատվական աջակցություն, որի նպատակն է նպաստել Առեւտրի համաշխարհային կազմակերպության «Առեւտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանը:
Պետական եկամուտների կոմիտեն 2018-ից Համաշխարհային մաքսային կազմակերպության Աուդիտի կոմիտեի անդամ է։
Իրավական դաշտի արդիականացմանն ուղղված քայլեր
Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի եւ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի միջեւ կնքվել է մաքսային կարգավորման ոլորտում միջազգային մի շարք պայմանագրերի գործողության դադարեցման մասին արձանագրություն։
Նշված միջազգային պայմանագրերն այլեւս արդիական չեն, քանի որ դրանցով կարգավորվող իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Եվրասիական տնտեսական միության իրավապայմանագրային բազայի շրջանակում, որոնցով էլ առաջնորդվում են ԵԱՏՄ անդամ պետությունները:
Միտված տարանցիկ փոխադրումների ակտիվացմանը
Մոսկվայում Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում Ռուստամ Բադասյանը հանդիպել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։
Հանդիպման ընթացքում կարեւորվել են Մեղրու սահմանային անցակետի վերակառուցմանն ու արդիականացմանը, ինչպես նաեւ Մեղրի-Նորդուզ անցակետերի միջեւ տրանսպորտային հոսքերի բարելավմանը միտված աշխատանքները։
2020-ի փետրվարի 7-ին Մեղրու սահմանային անցակետի արդիականացման եւ ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել են «Մեղրու սահմանային անցակետի ծրագիր» վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերը ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից։
Մեղրու անցակետի արդիականացումը կնպաստի նաեւ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը եւ կխթանի վերջինով տարանցիկ փոխադրումները: