Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հոկտեմբերի 22-24-ը աշխատանքային այցով կլինի Տաջիկստանում: Հոկտեմբերի 23-ին Զասը կայցելի տաջիկա-աֆղանական սահմանից 20 կմ հեռավորության վրա տեղակայված «Հարբմայդոն» զորավարժարան։
Զորավարժարանում տեղի կունենա ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2021», հետախուզության ուժերի եւ միջոցների «Որոնում-2021» եւ հավաքական ուժերի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների «Էշելոն-2021» համատեղ զորավարժությունների եզրափակիչ փուլը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կհետեւի զորքերի եւ հատուկ ստորաբաժանումների գործողություններին։
Միջազգային ահաբեկչական խմբավորումների՝ ՀԱՊԿ անդամ պետության տարածք ներթափանցման փորձերը բացառելու համար կմշակվի զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության մարտավարություն։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:
ՀԱՊԿ հանձնաժողովի հերթական նիստը Երեւանում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր:
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը որոշվել է անցկացնել 2022-ի գարնանը Հայաստանում: