Լրագրողների համար ժամանակ առ ժամանակ սեմինարներ են կազմակերպում պետական գերատեսչական մարմինները, որ պարզաբանեն, թե ինչպես պետք է լուսաբանվի այս կամ այն իրադարձությունը, որ մանրամասնեն ինչ-ինչ գերատեսչական հասկացություններ եւ այլն: Հիմա կարծես թե ժամանակն է, որ լրագրողները պետական մարմինների համար սեմինարներ կազմակերպեն սովորեցնելու համար, թե ինչպես են գրում հերքումը:
Օրեր առաջ լուր տարածվեց, թե Հայաստանը Կապանի Փայլասարի բարձունքը հանձնել է ադրբեջանցիներին: ԱԱԾ-ն շտապում է հանգստացնել բոլորին. «Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, եւ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»: ԱԱԾ հայտարարությունից հետո Կապանի քաղաքապետը միանգամայն հստակ արձանագրում է. «Ստրատեգիական նշանակության հատվածում, եթե կար նախկինում ռուս սահմանապահների ներկայությունը, ապա այս պահի դրությամբ այդ ներկայությունը չկա»: Այսինքն՝ սահմանային այդ դիրքում կանգնած էին ռուսները, որպեսզի Կապանը տարածքի մի քանի գյուղերի հետ կապող ճանապարհը անվտանգ լինի: Հիմա ռուսները հեռացել են:
Ի՞նչն է հերքել ԱԱԾ-ն: Ոչ ոք չի ասում, որ այդ հատվածում ՀՀ սահմանապահ ուժերը ծառայություն չեն իրականացնում: Իրականացնում են: Բայց այդ հատվածի ստրատեգիական կտորը զիջվել է, այսքան բան: Էլի Փայլասարում մեր զորքերն են կանգնած: Մեր ԱԱԾ-ին թվում է, թե եթե զիջում են, ասենք, 500 քառակուսի մետր, դա մի եսիմինչ չէ, որ դիրքային կորուստ համարենք: Էլ չենք ասում, որ տարածքում է եղել Սյունյաց թեմի Վահանավանք վանական համալիրի հոգեւոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը, որը գրել է. «Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահի օրհնությամբ երկու քահանաներով եղանք Փայլասարում։ Այցելեցինք տարածքում գտնվող սրբատեղին։ Ականատեսի աչքերով տեսանք իրականությունը, ինչը ներկայացրել էր համայնքապետը»։
Վերջ, տարածքը մերը չէ: Գուցե երբեք էլ չի եղել: Ի՞նչն է խանգարում ասելու՝ տղե՛րք, յա՛ն տվեք, էդ մեր հողը չի, ուզում է Տիգրան Մեծի ոսկորները գտնեք էնտեղ:
Հաջորդ զավեշտն արդեն ՊՆ-ի հետ է կապված: ՄԻՊ-ը հայտարարում է, թե «Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին՝ շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման եւ ինժեներական ակտիվ աշխատանքներ: Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է:» ՊՆ-ն ինչպե՞ս է հերքում՝ ՄԻՊ-ն ուռճացնում է տվյալները:
Հասկացա՞ք, այսինքն՝ ամեն ինչ ճիշտ է, միայն թե չափազանցված: Այսինքն՝ չմտահոգվե՞նք, հույսեր ունենանք, որ վատ կահավորումով ձմռանն ադրբեջանցիները սառչելու են, ու տարածքը կրկին անցնի մեր վերահսկողության տա՞կ:
Ո՞վ է այս մարդկանց ձեռքը թուղթ ու գրիչ տվել, որտե՞ղ են մեր պետական պաշտոնյաները սովորել ճիշտ լինել: Իրենց պահում են այնպես, իբր վերահսկում են իրավիճակը: Մինչդեռ իրականությունն այն է, որ Ադրբեջանը վերցնելու է, քանի դեռ կարողանում է, նույնիսկ եթե ԱԱԾ տնօրենն ու պաշտպանության նախարարն ամեն օր առյուծի կաթ խմեն:
Գուցե մենք էլ վերցնենք ու հերքե՞նք, որ ՀՀ-ում ԱԱԾ ու ՊՆ կա: Իսկ եթե կան, մեզ ի՞նչ: Խելքներիդ ձյուն գա:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: