Հնդկաստանի առողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան հայտնել է, որ Հնդկաստանի ավելի քան 1 միլիարդ բնակիչ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գոնե մեկ չափաբաժինը:
Դրանով Հնդկաստանը դարձել է ավելի քան 1 միլիարդ պատվաստված ունեցող երկրորդ երկիրը։ Սեպտեմբերի սկզբին այդ ցուցանիշին հասնելու մասին հաղորդել էին Չինաստանի իշխանությունները:
Հնդկաստանը միաժամանակ աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով: Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի բռնկման պահից՝ անցյալ տարվա մարտից, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 34,1 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 33,4 միլիոն մարդ, մահացել է 452 հազարից ավելի մարդ, բուժում է ստանում մինչեւ 178 հազար մարդ։
Պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասին
Հնդկաստանը ՔՈՎԻԴ-19–ի դեմ պատվաստման հավաստագրի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր է կնքել 11 երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Երկրի առողջապահության նախարարությունը նշել է, որ Հնդկաստանի կամ ԱՀԿ-ի կողմից ճանաչված պատվաստանյութով լիարժեք պատվաստում անցած անձանց պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ Հնդկաստանի կառավարությունը համաձայնագիր ունի հետեւյալ երկրների հետ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Նեպալ, Բելառուս, Լիբանան, Հայաստան, Ուկրաինա, Բելգիա, Հունգարիա, Սերբիա։
Նախարարությունը հրապարակել է նաեւ «ռիսկային երկրների» ցանկը․ այդ երկրների ճանապարհորդները Հնդկաստան ժամանելուն պես երկրի կանոնակարգով նախատեսված լրացուցիչ միջոցներ պետք է ձեռնարկեն։ Այդ ցանկում են Եվրոպայի երկրները (դրանց թվում՝ Մեծ Բրիտանիան), Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, Բանգլադեշը, Բոթսվանան, Չինաստանը, Մավրիկիան, Նոր Զելանդիան եւ Զիմբաբվեն։