Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան սկսել է Միացյալ Նահանգներից F-16 տեսակի ռազմական ինքնաթիռներ գնելու տեխնիկական աշխատանքը: Նա ընդգծել է, թե Թուրքիայի ՊՆ-ն ուշադիր հետեւում է գործարքի իրականացման տեխնիկական ընթացքին:
Աքարը նշել է, որ Թուրքիայում F-16 կործանիչների պարկն արդիականացման կարիք ունի։ «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ–ը` որպես ռազմավարական գործընկեր եւ բարեկամ երկիր, ոչ միայն F-16–ներ կմատակարարի, այլեւ ներդրում կունենա Թուրքիայում առկա ռազմական ինքնաթիռների արդիականացման հարցում»,- ասել է նա։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, թե չպետք է մոռանալ, որ Թուրքիայի ուժեղացումը ՆԱՏՕ-ի պաշտպանական հզորության աճ է նշանակում։ Թուրքիայի սահմանները նաեւ դաշինքի սահմաններն են։
4-րդ սերնդի ռազմական օդանավերից՝ F-16 կործանիչներից բացի Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, մասնակցում էր ավելի ժամանակակից՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին։
2019-ին ՌԴ-ից С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելուց հետո Վաշինգտոնը Անկարային զրկեց F-35-ներ ձեռք բերելու հնարավորությունից:
Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը սպառնացել էր, թե այդ դեպքում թուրքերը կարող են քննարկել Ռուսաստանից Су-35 եւ Су-57 տեսակի ռազմական ինքնաթիռներ գնելու հնարավորությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, թե F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային հեռացնելուց հետո ԱՄՆ-ը Անկարային առաջարկել է F-16 կործանիչներ ձեռք բերել։
Վաշինգտոնի հերքումից հետո Էրդողանը հայտարարեց, թե ԱՄՆ ղեկավարությունից կպահանջի վերադարձնել մոտ 1,4 միլիարդ դոլարը, որը Թուրքիան վճարել է ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերելու համար։ Նա դրա մասին մտադիր էր խոսել հոկտեմբերի 30-31-ը Հռոմում G20 երկրների գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։