Հա՞նք, թե՞ տուրիզմ. Վայոց ձորի Գլաձոր համայնքն իր ընտրությունը դեռ 2017-ին է կատարել: Խոշորացված համայնքի ավագանին 10 կողմ, 1 ձեռնպահ ձայներով որոշել է Գլաձորի տարածքը ճանաչել էկոտնտեսական տարածք: Հենց այս որոշման հիման վրա էլ 2019-ին համայնքի շուրջ 2200 բնակիչ ստորագրել է, որ կողմ է էկոտնտեսական տարածքին:
Այդ որոշմամբ գյուղացիներն իրենց համաձայնությունն են տվել Գլաձորում ագրոտուրիզմը, էկոտուրիզմը, օրգանիկ գյուղատնտեսությունը զարգացնելու եւ այն հանգստյան գոտու վերածելու գաղափարին:
«Հանքարդյունաբերության դեպքում դրանցից ոչ մեկով զբաղվել չենք կարողանա»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Գլաձորի ավագանու անդամ, Վերնաշեն բնակավայրի բնակիչ Գեղամ Մարգարյանը:
Վերջերս «Մետալ Գոլդ» ընկերությանը Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքի պաշարների ուսումնասիրության թույլտվություն է տրվել, ինչն էլ կրկին ակտիվացրել է հանքի բացման մասին խոսակցությունները:
Մարգարյանը նշում է, որ հանքի տարածքի ուսումնասիրությունները հատել են դարի շեմը: Մի քանի անգամ՝ 1920-ականներին, 1950-ականներին եւ տարբեր այլ տարիների կատարած ուսումնասիրություններն ապացուցել են՝ այդ տարածքում հանքարդյունաբերությունը մեծ վնաս է հասցնելու բնաշխարհին ու բնակիչներին:
Գյուղում ջրամբարի կառուցման գաղափար կա, որը եւս տարիներ շարունակ կյանքի չի կոչվել: Ջրամբարի կառուցման դեպքում համայնքի 800 հեկտար հող կդառնա ջրդի, ու բնակիչները կկարողանան զբաղվել այգեգործությամբ: Մարգարյանն ասում է՝ թեեւ խոստանում են հանքարդյունաբերությամբ պետական բյուջեի մուտքերն ապահովել, սակայն նույնը կարող են անել ջրամբարի կառուցմամբ:
Այդ դեպքում, մոտավոր հաշվարկով, տարեկան մոտ 6.5 մլն դոլար գումար կշրջանառվի: Կառուցումից 3-4 տարի անց ջրամբարի տված արդյունքն ակնհայտ կլինի: Հանքը կարող է շահագործվել մոտ 10 տարի, իսկ հետո ո՛չ հանքը կլինի՝ իր տված եկամտով, ո՛չ բնակիչները որեւէ այլ բանով կկարողանան զբաղվել այդ տարածքում:
Թեեւ հանքի շահագործմամբ հետաքրքրված ընկերությունը ուսումնասիրության թույլտվություն է ստացել, սակայն բնակիչների հետ չի խորհրդակցում, փաթեթ չի ներկայացնում՝ ինչ են պատրաստվում անելու, գյուղացու օգուտներն ու վնասները որոնք են լինելու: «Սոցիալական ներդրումներ կատարելու պարտավորություն ունեն, ասում են՝ եթե հիվանդանաք, կբուժենք: Իսկ ինչո՞ւ հիվանդանանք: Ես իրենց բացատրել եմ մեր տարբերությունը՝ մենք ուզում ենք ապրել, նրանք՝ հարստանալ»,- ասում է Մարգարյանը:
Համայնքի ավագանու անդամը մի կարեւոր հանգամանք եւս ընդգծում է՝ տասնամյակներ են պահանջվել՝ «Վերնաշեն» ապրանքանիշը ստեղծելու համար:
Հանքի բացման դեպքում, ըստ Մարգարյանի, խաչ է քաշվելու այդ բրենդի վրա: «Խաղողի այգիների ոռոգման ջուրը գալիս է հանքի տարածքից: Բրենդ ստեղծելը մի օրվա գործ չէ, 1967-ից այն կա: Այդքան տարվա աշխատանքը կարելի՞ է ինչ-որ բանի հետ փոխել, դրանից թանկ բան կա՞: «Վերնաշեն» բառը գինեգործների համար «ոսկի» է։ Կռվում են, որ այդ անունը արտադրանքի վրա լինի, որ վաճառքն արդյունավետ լինի: Ի՞նչն է դրանից արժեքավոր»,- ասում է նա:
Վերնաշենցի Բաբկեն Մկրտչյանը, որ 18 տարի՝ մինչ 2014-ը, ղեկավարել է մարզպետարանի Բնապահպանության ու գյուղատնտեսության վարչությունը, այժմ գյուղում հյուրատնային բիզնեսով է զբաղվում: «Շուշան» հյուրատան սեփականատերն է: Ամեն տարի 30-40 երկրից զբոսաշրջիկների է հյուրընկալում իր հարկի տակ:
Պատմամշակութային կոթողների, դիտարժան վայրերի ու մաքուր օդի պակաս Գլաձորում չկա, ասում է: Սպիտակավոր եկեղեցին (13-րդ դար), Պռոշաբերդը, Թանահատը, Գլաձորի համալսարանի թանգարանը, Սուրբ Խաչ եկեղեցին, համայնքի հանքային ջրերի աղբյուրները, բնական շատրվանները հյուրերի մշտական այցելության վայրերն են: «Գլաձորն ակտիվ տուրիզի վայր կարող է դառնալ, բայց եթե մի տեղ անընդհատ պայթեցումներ լինեն, ծանր մետաղները շատ լինեն, ո՞վ է այցելելու»,- նշում է Բաբկեն Մկրտչյանը:
Հանքը շահագործելու դեպքում փոշի, արտանետումներ են լինելու: Գյուղի խմելու ջուրը գալիս է անմիջապես այդ հանքերի տարածքից, ու ջրի օգտագործումն է ռիսկային դառնալու: «Վերնաշեն, Գլաձոր գյուղերի խոտհարքները, բեզոարյան այծերի արգելավայրը, հազվագյուտ դեղաբույսերի դաշտերն ամբողջությամբ այնտեղ են: Այդպիսի պիտանի տարածքներում հանք բացելն անթույլատրելի է»,- վստահ է նախկին պաշտոնյան:
Վերջինս համաձայն է՝ պետք է աշխատատեղեր բացվեն, միգրացիան կանխվի, բայց ոչ բնաշխարհի ու մարդկանց առողջության հաշվին: «Ասում են՝ ի բարօրություն մարդկանց են անում, բայց եթե մենք պետք է ունենանք հաշմանդամություն ունեցող սերունդ, վաղն այստեղ էլ ո՞վ է մնալու: Այն երկիրը, որը սկսում է իր ընդերքի հաշվին պահել ժողովրդին, ենթակա է սնանկացման, սպառվող ռեսուրս է՝ ի տարբերություն տուրիզմի զարգացման»,- ասում է նա:
Վերնաշենցին վստահ է՝ գյուղում շատ ոլորտներ կան, որ հնարավոր է զարգացնել, ոչ թե մեխը խփել հանքի ճակատին, ցուցանակն էլ կախել՝ «ովքեր դեմ են հանքին, ազգի թշնամիներ են»: «Մենք մեր հետեւից եկող սերունդ ունենք, որ պետք է ապրի էկոլոգիապես մաքուր միջավայրում, ի՞նչ ենք ուզում թողնել իրենց: Որոշ մարդիկ, հեռու վայրում ապրելով, ուզում են իրենց բիզնեսը մեր տարածքում, մեր առողջության հաշվին զարգացնել, դա անթույլատրելի է»,- ասում է նա:
Գլաձորը, ըստ Մկրտչյանի, պետք է ճանաչելի դառնա աշխարհին, հյուրեր ընդունի: «Թող մեկ հյուրատան փոխարեն տասնմեկը լինի, ի՞նչն է խանգարում»,- ասում է Գլաձորի բնակիչն ու վստահեցնում՝ մտածված աշխատանքի դեպքում արդյունքը սպասեցնել չի տա:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: