ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։
ՀՀ ԱՆ-ն հիշեցնում է, որ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով եւ «Սինոֆարմ»-ով պատվաստումներն իրականացվում են 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն անվճար են:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ եւ կիրակի՝ 10։00-16։00-ը, սահմանվել են հերթապահություններ։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, եւ գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստվելը կթեթեւացնի բժիշկների գործը
ՀՀ-ում շաբաթավերջին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2354 նոր դեպք։ 2020-ին առաջին դեպքի հաստատումից ի վեր վարակվել է 297552 մարդ, որոնցից 261952-ը` առողջացած, 6055-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 27284 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2006632 թեստավորում: Հոկտեմբերի 25-ի ժամը 11-ի դրությամբ կատարվել է 14037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: 1221 մարդ առողջացել է։ Մահացել է 42 մարդ: Կորոնավիրուսով հիվանդ եվս 3 մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1261 է:
Հայաստանում մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։ ՀՀ-ում համավարակի դեմ պայքարի համար ծախսվել է ավելի քան 41.5 միլիարդ դրամ:
Մասնագետները պնդում են, որ պայքարի մինչ այժմ կիրառված լավագույն տարբերակը պատվաստումն է: Պատվաստման բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում նվազել է մահացությունը: Այժմ Հայաստանը մտածում է վճարովի դարձնել այն մարդկանց քովիդ բուժումը, որոնք հրաժարվում են պատվաստումից՝ խոչընդոտելով հանրային իմունիտետի ձեւավորման գործընթացը:
Չպատվաստվածները՝ առավել խոցելի
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (NCDC) նոր տվյալներիով ՔՈՎԻԴ-19-ով վարակված եւ չպատվաստված մեծահասակները 12 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվում, քան ամբողջությամբ պատվաստվածները:
18-49 տարեկան չպատվաստված մեծահասակները 14 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում, քան նույն տարիքի ամբողջությամբ պատվաստված մեծահասակները:
50-64 տարեկան չպատվաստված մեծահասակները 15 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում, քան 50-64 տարեկան ամբողջությամբ պատվաստված մեծահասակները:
65-ից բարձր տարիքի չպատվաստված մեծահասակները 9 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում, քան նույն տարիքի ամբողջությամբ պատվաստված մեծահասակները: