«Թուրքիայի ԱԹՍ-ի արդյունաբերության արագ աճը նրան մրցակից է դարձրել անօդաչու թռչող սարքերի երկարատեւ այնպիսի արտադրողների համար, ինչպիսիք են Չինաստանը եւ Իսրայելը». գրում է The Washington Post-ի մեկնաբան Քարիմ Ֆահիմը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Կովկաս իր ազդեցության տարածքներն ընդլայնելուն ուղղված ռազմական արշավների ընթացքում ապավինում էր ուժեղ զենքի՝ անօդաչու թռչող սարքերի, սեփական արտադրությանը:
Վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերը Թուրքիայի օգտին կարեւոր դեր են խաղացել Լիբիայի քաղաքացիական պատերազմում, Հյուսիսային Սիրիայում, ինչպես նաեւ օգնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները վերանվաճելու հարցում։
Երկրի ներսում անօդաչու թռչող սարքերը դարձել են թուրքական տեխնոլոգիական նորարարության եւ ինքնաբավության խորհրդանիշ։ Տնտեսական անկման խորապատկերում դրանք խթանում են պետության ինքնավստահությունը եւ առավելություն ապահովում ՆԱՏՕ-ի որոշ այլ երկրների հետ շփումներում:
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին, որը մինչեւ վերջերս Սիրիայի հարցով Թրամփի վարչակազմի հատուկ ներկայացուցիչն էր, ասում է, թե Սիրիայի եւ Լիբիայի նման վայրերում Թուրքիայի օդային հարձակումների նպատակը Ռուսաստանի ռազմական հավակնություններին «խոչընդոտելն է, եւ դա վատ բան չէ»: Միաժամանակ նա կարծում է, որ «Էրդողանը դժոխքի է վերածում Մերձավոր Արեւելքն ամբողջությամբ: Թուրքիայի առաջնորդը շատ անկանխատեսելի է եւ շատ հավակնոտ»: