Երեւանում այսօր հոբելյանական համերգով նշելու են միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհու՝ ազգագրագետ, երաժշտության պատմաբան Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 95-ամյակը:
Նա կյանքից հեռացել է 1999-ին Երեւանում՝ թողնելով հարուստ ժառանգություն՝ միջազգային հյուրախաղեր, դասախոսական աշխատանք կոնսերվատորիայում, գիտական գործունեություն, որի մեջ նշանակալի է հատկապես հայկական երաժշտագիտության մեջ նրա հիմնած նոր ուղղությունը՝ երաժշտական հնագիտությունը։
Անահիտ Ցիցիկյանը նաեւ ռադիո եւ հեռուստատեսային հաղորդումների հեղինակ է եղել: Նրա կյանքն ուսումնասիրողները նշում են, որ Հայրենական պատերազմի տարիներին ընտանիքի հետ Լենինգրադից (որտեղ ծնվել է) Հայաստան գալով՝ նա նոր շունչ է հաղորդել Հայաստանի երաժշտական կյանքին, ոչ միայն իր մասնագիտությամբ, այլեւ մարդկային բարձր որակներով:
«Լինելով կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ իմ մայրը ձեռքով բարեւում էր թե՛ կոնսերվատորիայի հավաքարարին, թե՛ Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին: Նա ջութակը վերցնում եւ գյուղեր էր գնում, սարերում գյուղացիների համար իտալական այդ գործիքով Կոմիտաս ու դասական երաժշտություն էր նվագում: Շատ համեստ եւ մարդամոտ էր: Ով նրա հետ մեկ անգամ նույնիսկ խոսում էր, իր ամենամտերիմ ընկերուհին էր համարում Անահիտ Ցիցիկյանին»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում մոր մասին ասում է դուստրը՝ Նունե Շատախյանը՝ նշելով, թե նույնիսկ մարդ գիտի, որ, ասել է, թե ինքն Անահիտ Ցիցիկյանի որդին է, մինչդեռ ջութակահարուհին որդի չի ունեցել, այլ երկու դուստր, որոնք էլ մոր մահից հետո զբաղվել են նրա ժառանգության պահպանմամբ, թողարկել ձայնասկավառակներ, տպագրել գրքեր, հուշագրություն:
Հյուրախաղերն օգտագործելով՝ Ցիցիկյանն արտասահմանում փնտրում, գտնում էր հայ երաժիշտների արխիվներ, նամակներ եւ, դրանք Հայաստան բերելով, հանձնում թանգարաններին:
Անահիտ Ցիցիկյանի շնորհիվ են նաեւ Հայաստանում ճանաչել Բարսեղ Կանաչյանին։
1963 թվականին Բաղդադ (Իրաք) իր այցելության ժամանակ նա տեղեկանում է պանդխտության մեջ լքված եւ մոռացության մատնված մի երաժշտի մասին եւ այցելում նրան: Բարսեղ Կանաչյանի հետ իր հանդիպման մասին Ցիցիկյանը պատմել է հուշագրության մեջ, իսկ Հայաստան վերադառնալով՝ Մոսկվայում եւ Երեւանում հոդվածներ տպագրել նրա մասին: Ջութակահարուհուն այդ հոդվածների համար ռեժիմը հետապնդել է, քանի որ Կանաչյանը դաշնակցական էր, բայց նա կարողացել է ապացուցել, որ արվեստագետի քաղաքական հայացքները կապ չունեն նրա ստեղծած արվեստի հետ, եւ շարունակել ներկայացնել Բարսեղ Կանաչյանին:
«Չենք կարող ասել, որ Անահիտ Ցիցիկյանի գործն այսօր արժեւորված չէ՝ նկատի ունենալով, որ շատ-շատ ուրիշ երաժիշտներ կան, որոնց անունները պարզապես մոռացված են: Նույնիսկ կոնսերվատորիայի ոչ բոլոր ուսանողներն այսօր գիտեն, թե ով է Գոհար Գասպարյանը»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է դուստրը՝ Նունե Շամախյանը:
Նա ինչ-որ տեղ բնական է համարում, որ նոր սերունդը ծանոթ չէ Անահիտ Ցիցիկյանին, քանի որ նրա նվագները ձայնագրվել են այսօր արդեն գործածությունից դուրս եկած սկավառակների վրա, իսկ համերգներից ընդամենը մեկ գունավոր տեսանյութ կա, որ դուստրը Մոսկվայից գտել եւ Հայաստան է բերել: Թեեւ ջութակահարուհին հազարից ավելի համերգ է ունեցել, սակայն բոլոր տեսանյութերն անհետ կորել են, ինչպես դուստրն է նշում, հեռուստատեսությունում հրդեհների, ջրհեղեղների հետեւանքով ոչնչացվել են:
Պահպանվել են ռադիոյի ֆոնդային ձայնագրությունները, հանրային ռադիոն երբեմն հաղորդում է դրանք:
Անահիտ Ցիցիկյանին նվիրված հոբելյանական համերգին Կամերային երաժշտության տանը ելույթ են ունենալու դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Սոնա Բարսեղյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահարուհիներ Աստղիկ Վարդանյանը, Աննա Ղեւոնդյանը, կիթառահար Հենրիկ Մելիքյանը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։