Ֆրանսիայի Մարսել քաղաքում գործող Համազգայինի ճեմարանի նախկին տնօրեն Սեդա Բիբերյանը (Պիպերեան) արժանացել է Ֆրանսիայի ազգային շքանշանին՝ Պատվո լեգեոնին: «Ալիք Մեդիա»-ն այս մասին տեղեկացավ Մարսելի հայկական ճեմարանից: Շքանշանը Սեդա Բիբերյանին է հանձնել Ֆրանսիայի մշակույթի նախարարության՝ Մարսելի շրջանի ներկայացուցիչ Բեռնար Բենիեն, որը բարձր է գնահատել հայ կրթական գործչի ներդրումը ֆրանսիական կրթական համակարգում եւ կարեւորել հայկական վարժարանի գործունեությունը հայաշատ Մարսելում: Ֆրանսիացի պաշտոնյան նշել է, թե տեղյակ է հայկական դպրոցի ուսման բարձր որակի մասին, որը հայկական մշակույթի պահպանությանը հավասար նաեւ ֆրանսիական արժեքներ է տալիս աշակերտներին:
Համազգային մշակութային եւ կրթական միության Մարսելի ճեմարանը հիմնվել է 36 տարի առաջ, այն Ֆրանսիայի կրթական պետական ծրագրով գործող հայկական ամենօրյա դպրոց է, առաջին տնօրենը եղել է Հակոբ Բալյանը: Այժմ դպրոցը ղեկավարում է Ժաքե Ժամկոչյանը: