Հայաստանի միգրացիոն ծառայության աշխատակազմը` ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-ին ընդունել է Եվրոպական միգրացիոն ցանցի պատվիրակությանը` քննարկելու Հայաստանի Հանրապետության` դիտորդի կարգավիճակով ցանցին միանալու հնարավորությունը:
Եվրոպական միգրացիայի ցանցի ներկայացուցիչ Ադոլֆո Սոմմարիբասը անմիջական եւ թափանցիկ համագործակցություն սկսելու, կայուն աշխատանքային կապեր ստեղծելու եւ փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպումը կազմակերպվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Գրասենյակի ղեկավար Քարել Հոֆթրան եւս կարեւորել է դետալային քննարկումը՝ փորձի երկկողմ փոխանակման եւ անհրաժեշտ փաստերի արձանագրման համատեքստում:
«Եվրոպական միգրացիոն ցանցի նպատակը, որ սահմանվել է կազմակերպության խորհրդի որոշմամբ 2008-ին, միգրացիայի եւ ապաստանի ոլորտների ինստիտուտների եւ անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելն է եւ ապահովելը անաչառ, արժանահավատ, թարմ եւ համադրելի տեղեկատվություն` Եվրոպական միությունում քաղաքականություն մշակողներին աջակցելու նպատակով»,- նշված է ՀՀ միգրացիոն ծառայության հաղորդագրության մեջ։
Եվրոպական միգրացիոն ցանցն անհրաժեշտության դեպքում արդյունավետ համագործակցային կապեր է ստեղծում ԵՄ անդամ երկրների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության անդամ այլ երկրների միջեւ:
Վրաստանն ու Մոլդովան 2021-ին ցանցին միացել են որպես դիտորդներ: