Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դատապարտել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի հարավային հատվածի ճանապարհներով անցնող իրանական բեռնատարներից տուրքեր գանձելու Ադրբեջանի քայլը:
Դեսպանը հայտարարել է, որ Հայաստանի հարավում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող իրանական բեռնատարներից գումար գանձելը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին։
Զոհուրին «Tasnim»-ին տված հարցազրույցում նշել է, որ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի` իրավիճակը Հայաստանի հարավային մասում, այսինքն` տարանցիկ երթուղու շրջանում պետք է անփոփոխ մնար մինչեւ նոր երթուղու ավարտը։
«Տարանցիկ երթուղին օգտագործվել է վերջին երեք տասնամյակների ընթացքում։ Իրանական բեռնատարները մաքսատուրք են վճարում Հայաստան ժամանելուն պես, եւ ակնկալվում է, որ նրանք եւս հարյուր կիլոմետր անցնելու դիմաց տուրք չեն վճարելու»,– ասել է դեսպանը՝ հավելելով, թե Իրանն ակնկալում է, որ Ադրբեջանը կդադարեցնի գումար գանձելը, մինչեւ որ լրացուցիչ ճանապարհ կառուցվի։