«Արմենպրես»-ը հաղորդում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Դեսպանի հետ նա քննարկել է գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնման աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր, ինչպես նաեւ միջազգային հումանիտար կազմակերպությունների Արցախ անխափան մուտքի կարեւորությունը:
Տիգրան Ավինյանը նշել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, միաժամանակ առաջարկելով ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա ապագայում կողմերից որեւէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվելու դեպքում նրանց անհապաղ եւ առանց որեւէ նախապայմանի վերադարձնել:
Փոխվարչապետն ընդգծել է, որ նշված խնդիրները Հայաստանի կառավարության համար առաջնային ու հրատապ են եւ ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:
Դեսպան Կոպիրկինը՝ կարեւորելով եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացումն՝ ասել է, որ գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում են: