Հիմնանորոգվել է Երեւան-Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի մեկ կիլոմետրանոց ճանապարհահատվածը Մարտունի քաղաքի արեւելյան թեւում։
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը հայտնել է, որ հիմնանորոգված ճանապարհի մակերեսը կազմել է շուրջ 8500 քմ։ Ըստ «Արմենպրեսի»՝ հիմնանորոգվել է նաեւ մեկ կամուրջ, որոշ հատվածներում կառուցվել են մայթեր։ 2021-ի սեպտեմբերից մեկնարկած աշխատանքները հոկտեմբերի 25-ի դրությամբ ավարտական փուլում են։
Գեւորգ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ճանապարհաշինական պետական սույն ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Երեւան-Մարտունի-Վարդենիս միջպետական ճանապարհի 5,9 կիլոմետրանոց հատվածը, որը սկսվում է Մարտունի քաղաքի արեւելյան եզրից եւ հասնում մինչեւ Զոլաքարի հատված։ Մնացած աշխատանքները կշարունակվեն եկող տարվա ընթացքում։